ԱՀԿ-ն հաշտեցրել է Boeing-ին և Airbus-ին
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բողոքարկման մարմինն անօրինական է ճանաչել ամերիկյան ավիաշինական Boeing ընկերությանը $5,3 մլրդ-ի պետական սուբսիդիաների և հարկային արտոնությունների տրամադրումը, ինչը, ըստ ԱՀԿ-ի, հակամենաշնորհային օրենսդրության խախտում է, հաղորդում է AFP գործակալությունը։ Իր այս որոշմամբ ԱՀԿ-ն, ըստ էության, վերջ է դրել ամերիկյան Boeing-ի և եվրոպական Airbus-ի միջև շուրջ ութ տարի ձգված վեճին։
Ըստ ԱՀԿ-ի՝ 1986-2006 թթ. Boeing-ին տրամադրված սուբսիդիաները ամերիկյան ավիաշինական հսկային հնարավորություն են տվել իջեցնել ինքնաթիռների գները և իրագործել Boeing-787 Dreamliner նախագծման աշխատանքները, ինչը մեծապես վնասել է նրա եվրոպական մրցակցին։
Հատկանշական է, որ ԱՀԿ որոշումը ողջունել է ինչպես Boeing-ը, այնպես էլ Airbus-ը։ Boeing-ն ԱՀԿ որոշումը հաղթանակ է համարում, քանի որ այն վկայում է իրեն հատկացված սուբսիդիաների ոչ մեծ ծավալի մասին՝ ի համեմատ Airbus-ին տրամադրված միջոցների։ 2011թ. մայիսին ԱՀԿ-ն հայտարարել էր, թե ԵՄ-ն Airbus-ին $18 մլրդ-ի սուբսիդիաներ է տրամադրել։ Եվրոպական կոնցեռնը հերքել էր այս տեղեկությունը՝ հայտարարելով, թե պետական աջակցությունը միայն վարկերի տեսքով է եղել, որոնք վերադարձվելու են։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ԵՄ-ն չեղյալ հայտարարեց Airbus-ի համար նախատեսված սուբսիդիաները, որոնք հակասում էին ԱՀԿ կանոններին՝ հույս հայտնելով, որ նման կերպ կվարվի նաև ԱՄՆ-ը։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սուբսիդիաների օրինականության մասին հայցերը ԱՀԿ էին ուղարկվել նույն օրը՝ 2004թ. հոկտեմբերի 6-ին։
Civilnet










