Citigroup-ը «տապալել» է ԴՊՀ-ի թեստը
Նախօրեին ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հրապարակել է ամերիկյան 19 խոշորագույն բանկերի սթրես թեստերի արդյունքները։ Ըստ ֆինանսական կարգավորչի՝ մակրոտնտեսական անբարենպաստ սցենարի և նախատեսված շահաբաժինների վճարման պայմաններում բանկերից միայն 15-ի իրացվելիության ցուցանիշները կլինեն երաշխավորված մակարդակում։ Չորս բանկեր, այդ թվում՝ Citigroup-ը, պետք է վերանայեն շահաբաժինների վճարման, ինչպես նաև բաժնետոմսերի հետգնման համար նախատեսվող գումարների ծավալը։
ԴՊՀ-ն սթրես թեստեր է անցկացրել Ally Financial, American Express, Bank of America, Bank of New York Mellon, BB&T, Capital One, Citigroup, Fifth Third Bancorp., Goldman Sachs, JPMorgan Chase, Keycorp., MetLife, Morgan Stanley, PNC Financial Services, Regions Financial, State Street, SunTrust, U.S. Bancorp և Wells Fargo բանկերում։
Ըստ ԴՊՀ-ի հաղորդագրության՝ անբարենպաստ սցենարը ենթադրում է գործազրկության աճ մինչև 13% (ներկայիս 8,3%-ի դիմաց), ինչպես նաև բաժնետոմսերի արժեզրկում 50%-ով և բնակարանների գների անկում 20%-ով։ Այս պայմաններում, ըստ կարգավորչի հաշվարկների, առաջիկա ինը եռամսյակների ընթացքում բանկերի ընդհանուր վնասները կկազմեն $534 մլրդ, իսկ թեստավորված բանկերի իրացվելիության առաջին մակարդակի՝ 2011թ. 3-րդ եռամսյակի 10,1% միջին ցուցանիշը 2013թ. 4-րդ եռամսյակում կնվազի մինչև 6,3%։
Ընդ որում՝ «19 բանկերից չորսի՝ Citigroup-ի, Ally Financial-ի, SunTrust-ի և MetLife-ի իրացվելիության մեկ կամ մի քանի ցուցանիշներ կարող են նվազել անգամ երաշխավորված մակարդակից։ Այս բանկերից երեքը անբարենպաստ սցենարի և նախատեսված շահաբաժինների հատկացման պայմաններում կարձանագրեն առաջին մակարդակի իրացվելիության գործակցի նվազում»։
Թեստերի հաճելի անակնկալը թերևս Bank of America-ի արձանագրած դրական արդյունքն էր, որը, 2009թ. արձանագրելով վատագույն ցուցանիշները, ԴՊՀ-ի պահանջով հարկադրված էր կապիտալը մեծացնել լրացուցիչ $34 մլրդ-ով։ Փոխարենը, այս անգամ տհաճ անակնկալ է մատուցել Citigroup-ը, որը, ըստ ԴՊՀ-ի, իրացվելիության անհրաժեշտ պայմանները կարող է բավարարել միայն շահաբաժինները չավելացնելու և բաժնետոմսերը շուկայից հետ չգնելու դեպքում։
«Մենք ծրագրում ենք ապագայում ևս սերտորեն համագործակցել ԴՊՀ-ի հետ՝ ավելի լավ հասկանալու համար մոդելները, որոնք օգտագործվում են սթրես թեստեր անցկացնելու համար»,– ասված է Citigroup-ի տարածած հաղորդագրությունում։ Բացի այդ՝ Citigroup-ում մտադիր են մինչև տարեվերջ ԴՊՀ-ին ներկայացնել կապիտալի վերաբաշխման նոր ծրագիր, որը կհամապատասխանի կարգավորչի պահանջներին։
Չնայած այս ամենին՝ փորձագետները սթրես թեստերի արդյունքները դրական են գնահատում, քանի որ 2009թ. ապրիլին առավել մեղմ պայմաններով սթրես թեստերը 19 բանկերից միայն 10-ն էին հաղթահարել։ Հետևապես՝ այս արդյունքները, փորձագետների կարծիքով, վկայում են դրական դինամիկայի մասին, իսկ ԴՊՀ-ն միտումնավոր է խստացրել թեստերի պայմանները՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսական անկման հեռանկարը։
Թեև ԴՊՀ-ում նշել են «ուսումնասիրության զուտ տեսական լինելու հանգամանքը, որը որևէ կերպ չի հավակնում կանխատեսում լինելու», ֆինանսական վերոնշյալ կառույցների գնանշումները առևտրային հարթակների փակումից հետո 4%-ով անկում են ապրել։
Civilnet










