Լոնդոնը թողարկելու է պարտատոմսեր, որոնց մարման ժամկետն ինքն է որոշելու
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է թողարկել 100-ամյա պարտատոմսեր, ինչպես նաև առանց մարման ժամկետի արժեթղթեր, ինչպիսիք ոչ մի այլ երկիր այժմ չի թողարկում (100 տարի մարման ժամկետով պարտքեր սպասարկում է միայն Մեքսիկան)։ Այս առաջարկները հաջորդ շաբաթ կհրապարակվեն Մեծ Բրիտանիայի 2013թ. բյուջեի նախագծում, գրում է բրիտանական The Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ նմանատիպ պարտատոմսերի թողարկման առաջին փորձը կիրառվել է 18-րդ դարում։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը մի շարք հանդիպումներ է նախատեսում ներդրողների և փորձագետների հետ՝ քննարկելու համար «գերերկար» կամ «հավերժական» պարտատոմսերի հնարավոր պահանջարկը։ Նշենք, որ այսպիսի պարտատոմսերի թողարկման դեպքում էմիտենտն ինքն է որոշում պարտքի մարման ժամկետը։
«Հավերժական» պարտատոմսերի թողարկմամբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է առավելագույն օգուտ քաղել պետպարտքի ցածր տոկոսադրույքներից, որոնք այսօր պատմական նվազագույն մակարդակում են։ Ստանդարտ 10-ամյա պարտատոմսերն այժմ իրացվում են տարեկան 2% եկամտաբերությամբ։ Հետաքրքրական է, որ բրիտանական պարտատոմսերի շրջանառության միջին՝ տասը տարի ժամկետը կրկնակի գերազանցում է Արևմուտքի զարգացած պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի արժեթղթերի համապատասխան ցուցանիշը։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 65%-ը և արդեն հատել է տրիլիոն ֆունտ ստեռլինգի սահմանը։ Փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին այն, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել։ Եվ չնայած երկրի իշխանությունների՝ բյուջեն հավասարակշռելու մասին բոլոր հայտարարություններին՝ մինչև 2015թ. վերջինս կշարունակի մնալ դեֆիցիտային, գրում է պարբերականը։
Բյուջետային պատասխանատվության բրիտանական բյուրոն օրերս զգուշացրել էր, որ պարտատոմսերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացումը կարող է հանգեցնել պարտավորությունների ընդհանուր ծավալի կտրուկ աճի։ Այսպես՝ պարտատոմսերի եկամտաբերության տարեկան տոկոսային մեկ կետով ավելացումը երկրի հարկատուներից տարեկան 20 մլրդ ֆունտ ստեռլինգ ավելի գումար կպահանջի։
Նշենք, որ «հավերժական» պարտատոմսերի թողարկման առաջինը փորձը 18-րդ դարում էր՝ «Հարավային ծովերի ընկերություն» ֆինանսական բուրգի գոյության տարիներին։ «Հավերժական» պարտատոմսերի դեպքում կառավարությունը վճարում է միայն տոկոսները և չի մարում դրանք։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ևս թողարկվում էին «հավերժական» պարտատոմսեր, որոնք հայտնի էին որպես «ռազմական փոխառություններ»։ Այդպիսիք մինչև օրս էլ շրջանառվում են շուկայում, և բրիտանական կառավարությունը շարունակում է վճարել տոկոսները։
Civilnet










