Canon-ը ծախսերը կրճատում է $5 մլրդ-ով
Ֆոտոտեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն Canon ճապոնական ընկերությունը մտադիր է առաջիկա չորս տարում կորպորատիվ ծախսերը կրճատել առնվազն 400 մլրդ յենով (մոտ $4,84 մլրդ)՝ փոխարժեքների տատանումների և եվրոպական շուկայում պահանջարկի նվազման բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով։
Canon-ի գնահատմամբ՝ յենի կայուն բարձր փոխարժեքն ընթացիկ տարում ընկերության գործառնական շահույթը տարեկան կտրվածքով կկրճատի ավելի քան 100 մլրդ յենով ($1,21 մլրդ)։ Դոլարի և եվրոյի համեմատ ճապոնական արժույթի փոխարժեքը, որպես կանոն, զգալիորեն ազդում է ճապոնացի արտահանողների վրա. յենի բարձր փոխարժեքը ենթադրում է գործարարների շահույթի նվազում, ցածր փոխարժեքը՝ շահույթի աճ։ Նշենք, որ Canon-ի բիզնեսի մոտ կեսը բաժին է ընկնում ոչ ճապոնական շուկաներին։
Ծախսերի կրճատման նպատակով ընկերությունը ծրագրում է ընդլայնել արդյունաբերական ռոբոտների կիրառումը, որոնք մինչ այս լայնորեն օգտագործվել են տպիչների արտադրության մեջ։ Canon-ն այժմ մտադիր է դրանք կիրառել նաև տեսախցիկների ոսպնյակների արտադրության մեջ։
Բացի այդ՝ ընկերությունը ծրագրում է մինչև 2015 ֆինտարին տարեկան հասույթն ավելացնել մինչև 5 տրլն յեն ($60,5 մլրդ), ինչը 41%-ով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշը։ 2011թ. Canon-ի զուտ շահույթն աճել է 0,8%-ով՝ կազմելով 248,63 մլրդ յեն ($3,24 մլրդ), վաճառքները կրճատվել են 4%-ով՝ մինչև 3,6 տրլն յեն ($46,9 մլրդ), գործառնական շահույթը նվազել է 2,3%-ով՝ մինչև 378 մլրդ յեն ($4,9 մլրդ)։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին Canon Inc-ի նախագահ Ցունեձի Ուտիդան հրաժարական ներկայացրեց 2012թ. համար ընկերության ֆինանսական ցուցանիշների բացասական կանխատեսման պատճառով։ Մարտի 29-ից Canon-ը կգլխավորի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆուջիո Միտարիան։
Civilnet










