Մեծ Բրիտանիայի կանխատեսումը բացասական՝ կայունի փոխարեն
Երեկ Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկանիշի կանխատեսումը կայունից իջեցրել է բացասականի։ Գործակալությունն իր այս քայլը պայմանավորել է Մեծ Բրիտանիայի՝ տնտեսական հնարավոր ռիսկերի դեմ պայքարի ոչ բավարար գործիքակազմով, ինչպես նաև պետպարտքի մեծ ծավալով։
Թեև Fitch-ը Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկային վարկանիշը վերահաստատել է AAA մակարդակում, սակայն կանխատեսման իջեցմամբ նախազգուշացրել է, որ առաջիկա մեկ-երկու տարում Մեծ Բրիտանիան կարող է զրկվել այս վարկանշումից։
Ըստ գործակալության հաղորդագրության՝ կանխատեսման վերանայումը վկայում է Լոնդոնի՝ տնտեսական հնարավոր ցնցումները նվազագույնի հասցնելու հարկաբյուջետային հնարավորությունների բավական սահմանափակ լինելու մասին՝ հատկապես հարկային ծանրաբեռնվածության հնարավոր մեծացման, ինչպես նաև տնտեսական աճի կանխատեսման վատթարացման պայմաններում։
Բացասական կանխատեսումը տնտեսական իրադրության անորոշության, հակասությունների, բյուջետային դեֆիցիտի առկայության ֆոնին վկայում է, որ առաջիկա երկու տարում երկրի վարկանիշի իջեցման հավանականությունը 50%-ից փոքր-ինչ ավելի է։
Այս տարվա հունվարին Մեծ Բրիտանիայի պետպարտքը երկրի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 տրլն ֆունտ ստեռլինգը՝ հասնելով ՀՆԱ-ի 64%-ին։ 2014-2015 թթ. Մեծ Բրիտանիայի պետպարտքը կավելանա մինչև ՀՆԱ-ի 95%։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է թողարկել 100-ամյա պարտատոմսեր, ինչպես նաև առանց մարման ժամկետի արժեթղթեր, ինչպիսիք ոչ մի այլ երկիր այժմ չի թողարկում։
Նշենք, որ փետրվարին Moody's վարկանշային գործակալությունն արդեն իջեցրել է Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկանիշը։ Ըստ Moody's-ի՝ առաջիկա մեկուկես տարում երեք հնարավորություններից միայն մեկի դեպքում է հավանական, որ Մեծ Բրիտանիան կզրկվի AAA վարկանիշից։ Միջագային վարկանշային հսկաներից միայն S&P-ն է Մեծ Բրիտանիայի վարկանիշը պահպանել AAA մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ։
Civilnet










