Գլխավոր Լրահոս

Դոլարի ոտքը կտրում են

BRICS-ն ամերիկյան արժույթը փոխարինում է ազգայիններով

BRICS-ի երկրները՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն, մտադիր են փոխհաշվարկների ժամանակ նվազեցնել ամերիկյան դոլարի դերը և անցնել ազգային արժույթներով փոխադարձ վարկավորման։ Այս մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մարտի 29-ին Նյու Դելիում կայանալիք գագաթաժողովի շրջանակում։ Փորձագետների կարծիքով՝ դոլարից աստիճանաբար հրաժարումը կարևոր փուլ կարող է դառնալ BRICS-ի երկրների տնտեսական զարգացման համար:

Ամերիկյան դոլարի «պաշտոնաթողության» նախաձեռնությունը Չինաստանինն է։ Ներկայում դոլարային պահուստների ամենախոշոր պահառուն հենց Պեկինն է, ուստի տրամաբանական է ամերիկյան տնտեսության հետ կապված պոտենցիալ ռիսկերի նվազեցման նրա ձգտումը։ «ԱՄՆ-ի պետպարտքն արդեն հատել է $15 տրլն-ի սահմանը, ավելին՝ վերջին տարիներին դոլարի թողարկումը գրեթե չի վերահսկվել։ Այս պայմաններում Պեկինի նախաձեռնությունը լիովին հասկանալի է»,– ռուսական «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին ասել է տնտեսագետ Ալեքսանդր Օսինը։

Դեռ մեկ տարի առաջ Չինաստանի Սանյա քաղաքում BRICS-ի անդամ պետությունները ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որն արձանագրում էր փոխադարձ հաշվարկների և վարկերի տրամադրման ժամանակ ազգային արժույթների անցման գործընթացի սկիզբը։ Չինաստանի Կենտրոնական բանկում անգամ նշում էին, որ հատուկ այս նպատակով ստեղծվող ֆոնդի համար իրենք 10 մլրդ յուան կհատկացնեն:

Փորձագետների կարծիքով՝ Նյու Դելիում ստորագրվելիք փաստաթուղթը գործնականում այս գործընթացի մեկնարկը կազդարարի: Խնդիրն այստեղ միայն ռիսկերն են, որոնց թվում առաջին հերթին արժույթների ազատ փոխարկելի չլինելն է: Ավելին՝ յուանը փոխկապակցված է դոլարին:

Այդուհանդերձ, Մոսկվան և Պեկինը վստահեցնում են, որ արժութային խնդիրը մոտ ապագայում կլուծվի: Երկրները գործնականում ևս քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: Պեկինը Հարավարևելյան Ասիայի իր հարևաններից շատերի հետ անցել է յուանով փոխհաշվարկների ու վարկավորման։ ԱՊՀ տարածքում ռուբլով կատարվող գործարքների մասնաբաժինն արդեն գերազանցում է 50%-ը: Ռուս-չինական սահմանային գոտում ևս երկու երկրների միջև առևտուրը տևական ժամանակ կատարվում է յուանով և ռուբլով:

«Այն, որ BRICS-ի երկրները կրճատում են դոլարի կիրառումը, տրամաբանական քայլ է: Այս որոշումը կկայունացնի և՛ համաշխարհային, և՛ ներքին տնտեսությունները»,– ռադիոկայանին ասել է ֆինանսիստ Ռոման Անդրեևը:

Փորձագետները, մյուս կողմից, կարծում են, որ այդուհանդերձ վաղ է խոսել BRICS-ի շրջանակում ազգային արժույթներին ամբողջական անցման մասին։ Չափազանց տարբեր է խմբի երկրների արտահանման ոչ միայն կառուցվածքը, այլև ուղղվածությունը: Պեկինի առևտրային գլխավոր գործընկերը ԱՄՆ-ն է, Ռուսաստանինը՝ Եվրամիությունը:

Երկրները, սակայն, ներկայում ակտիվ քայլեր են ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Ռուսաստանը, օրինակ, փորձում է տնտեսական շահերն ամրապնդել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Չինաստանը՝ Աֆրիկայում ու մասնավորապես՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Ակնկալվում է, որ մարտի 30-ին BRICS-ի անդամ երկրների բորսաները կսկսեն իրենց ֆոնդային ինդեքսների ածանցյալ ֆինանսական գործիքների կրոս-ցուցակման գործընթացը։ Փորձագետների կարծիքով՝ վերջինս կնպաստի զարգացող շուկաներում ներդրումային բազայի ընդլայնմանը։ Նշենք, որ BRICS-ի երկրների ֆոնդային բորսաների միության ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերին։

Միությունում ներառված են BM&F Bovespa (Բրազիլիա), MICEX-RTS (Ռուսաստան), BSE Limited (Հնդկաստան), HKEx (Հոնգ Կոնգ), JSE Limited (ՀԱՀ) առևտրային հարթակները։ Համաձայնագիրը ենթադրում է BRICS-ի անդամ երկրների ֆոնդային հիմնական ինդեքսների ածանցյալ ֆինանսական գործիքների մատչում միության անդամ բորսաների բոլոր հարթակներում։ Ըստ էության՝ սա ներդրողների համար կբացի BRICS-ի ֆոնդային շուկաները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում