Եթե ժամանակային տարբերությունների հարցը չլուծվի, նա կնշանակվի Հս. Կորեայում
Հինգշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ որոշում է կայացվել առավել նպատակահարմար պաշտոնի տեղափոխել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: ԱԳՆ-ն ընդգծել է, որ խոսքը ռետրո առաքելության մասին է դեպի 30-ականների Գերմանիա:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԱԳՆ լավագույն փորձագետները աշխատում են ժամանակային տարբերությունների խնդրի վրա: «Կարևորն այն է, որ սկզբունքային որոշումն արդեն ընդունված է: Դեսպան նշանակելու հարցում սա մեր նախարարության երևի ամենատրամաբանական որոշումն է»,– ասել է Նալբանդյանը:
Նախարարի խոսքով՝ «չափազանց ափսոս է վատնել Ասրյանի նացիոնալ-սոցիալիստական տաղանդը սպորտային այդ հիմնարկում»:
Որոշումը քննադատության է արժանացել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից: Պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության և Երրորդ ռեյխի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ չնայած երկու կառավարությունների գաղափարախոսական նմանություններին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Պետքարտուղարության դիրքորոշումը բնական է համարում: «Естественно, պետք է հիշել, որ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի, Իրանի և 30-ականների Գերմանիայի, բայց դա մեզ չի խանգարում բարիդրացիական հարաբերություններ ունենալ նույն Իրանի հետ,– ասել է նա և շարունակել:– Ունենալով նման պատրաստված կադր՝ ափսոս է առնվազն լավ մշակութային հարաբերություններ չունենալ Ռեյխի հետ: Մնում է միայն այդ ժամանակային տարբերության խնդիրը լուծել»:
Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը լուրջ ակտիվություն է առաջացրել Իսրայելի դիվանագիտական և քաղաքական շրջանակներում: Թել Ավիվն արդեն խոսում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական տեխնիկայի ծավալներն ավելացնելու մասին:
ԱԳՆ որոշմանը, սակայն, բավական անսպասելի և կտրուկ է արձագանքել դեսպանի պաշտոնում նշանակված թեկնածուն: Խաչիկ Ասրյանը նշել է. «Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ պոտենցիալ են տեսել իմ մեջ Երրորդ ռեյխում դեսպան նշանակելու համար»:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարը նշել է, թե իր համար անընդունելի է, որ իրեն համեմատում են Ադոլֆ Հիտլերի հետ: «Ինձ համար ծիծաղելի և անընդունելի է, որ բոլորի մոտ ստեղծվել է անհեթեթ տպավորություն, որ ես որևէ կապ կամ նմանություն ունեմ Գերմանիայի 1930-ականների կանցլեր, խարիզմատիկ հռետոր և ուժեղ առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
Բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ ո՛չ իմ ձեռքի շարժումը խոսքիս վերջում, ո՛չ իմ մյուս շարժուձևը, ո՛չ իմ տագնապահար չռված աչքերի խաղը, ո՛չ իմ ակնհայտ ընդգծված հռետորական նույնությունը նրան, ո՛չ իմ արիական ծագման մասին գովասանքի խոսքերը, ո՛չ էլ իմ անձնական նացիոնալ-սոցիալիստական հայացքները ՈՉ ՄԻ կապ չունեն Հիտլերի հետ: Ասեմ ավելին, ես նույնիսկ գերմաներեն հազիվ եմ խոսում, չնայած առաջընթաց ունեմ այդ հարցում»:
Բայցևայնպես, Ասրյանը հայտարարել է, որ եթե այդ նշանակումը նպաստելու է Հայաստանի շահերի առաջխաղացմանը, ապա ինքը պատրաստ է լինել թեկուզ Երրորդ ռեյխի դարպասապահը: «Միայն թե այդ ժամանակի տարբերության հարցը լուծվի իհարկե»,– ասել է նա:
«ԱրմՔոմեդի»-ի աղբյուրների համաձայն՝ եթե հարցը արագ լուծում չստանա, և ժամանակային տաբերության խնդիրը չլուծվի, Ասրյանը կարող է դեսպան նշանակվել Հյուսիսային Կորեայում կամ ՀՀ հյուպատոս Պարագվայի գերմանաբնակ համայնքներում:
Civilnet










