Եվրոպացիները Թրամփին մի օր երախտագիտությամբ կհիշեն. կարծիք FT-ում

Financial Times-ում սյունակագիր Ջոն Թորհնիլը գրում է, որ Եվրոպան պետք է շնորհակալ լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այս աշխարհամասին ստիպում է վերագտնել իր ռազմական ու տեխնոլոգիական ինքնուրույնությունը։
Եվրոպացիները երևի մի օր Դոնալդ Թրամփին երախտագիտությամբ կհիշեն այն բանի համար, որ ստիպեց իրենց վերջապես անել այն, ինչ վաղուց պետք է արված լիներ՝ վերագտնել սեփական ռազմական ու տեխնոլոգիական ինքնուրույնությունը։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայի ռազմավարությունը հիմնված էր «լավագույնին հույս դնել, լավագույնին պատրաստվել» տրամաբանության վրա։ Սակայն ԱՄՆ նախագահի՝ Դավոսում հնչած ուղերձը կտրուկ էր ու աներկբա․ Եվրոպան պետք է պատրաստվի վատագույն սցենարին։
Թեև Թրամփը հետ է կանգնել Գրենլանդիայի շուրջ ռազմական սպառնալիքներից և Եվրոպային աջակցող երկրների նկատմամբ պատժիչ մաքսատուրքերից, նրա ցուցադրական թշնամական վերաբերմունքը Եվրոպայի հանդեպ ավելի քան ակնհայտ էր։ Այլևս ուշ չէ պարզապես «հասկանալու» այդ ուղերձը․ ժամանակն է խզել շուրջ ութ տասնամյակ ձևավորված կախվածությունը ԱՄՆ-ից և, հնարավորության դեպքում, գործել ինքնուրույն։
Միջատլանտյան վիհը խորանում է։ Եվրոպան աստիճանաբար վերակառուցում է իր «կոշտ ուժը»՝ աջակցելու Ուկրաինային և դիմակայելու Ռուսաստանի աճող հավակնություններին։ Միևնույն ժամանակ, Եվրոպան ստիպված է բախվել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Չինաստանի հետ, որոնք գնալով ավելի շատ են օգտագործում մաքսատուրքերը, ֆինանսական ենթակառուցվածքներն ու մատակարարման շղթաները որպես քաղաքական զենք։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դավոսում նախազգուշացրեց, որ գլոբալ ինտեգրումը, որը երկար տարիներ եվրոպական քաղաքականության հիմնաբառն էր, կարող է վերածվել ենթակայության։ «Եվրոպական ինքնիշխանությունը պետք է իրական դառնա»,- սա արդեն կարգախոս չէ, այլ կենսական պահանջ։
Իհարկե, ԱՄՆ-ից «կտրուկ հրաժարվելը» չափազանց բարդ խնդիր է։ Տնտեսական, ֆինանսական, տեխնոլոգիական ու ռազմական կապերը չափազանց խորն են։ Շատերը պնդում են, որ դա պարզապես անհնար է։ Սակայն փորձն անհրաժեշտ է։ Այդ առումով Կանադան օրինակ է. նա ցույց է տալիս, որ հնարավոր է նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից՝ առանց փակվելու աշխարհից։ Եվրամիությունն արդեն սկսում է կրկնօրինակել այդ մոտեցումը՝ նվազեցնելով ներքին բիզնես-արգելքները, մեծացնելով ներդրումները տեխնոլոգիաներում և ընդլայնելով առևտրային կապերը Հարավային Ամերիկայի ու Հնդկաստանի հետ՝ ԱՄՆ-ին հակակշռելու նպատակով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Դավոսում բացահայտ հայտարարեց․ «Ժամանակն է օգտվել այս հնարավորությունից և կառուցել նոր, անկախ Եվրոպա»։
Թրամփի բացահայտ սադրանքներին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներից շատերը խոստանում են պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։ Բայց անգամ այդ քայլը կարող է ուշացած լինել։ Ավելի լուրջ խնդիր է այն, որ Եվրոպան շարունակում է կախված մնալ ամերիկյան պաշտպանական ընկերություններից՝ ներառյալ բարձր տեխնոլոգիական ոլորտը։ Անօդաչու սարքեր արտադրող Anduril-ը, տվյալների վերլուծական հարթակ Palantir-ը և այլ ընկերություններ Եվրոպայի անվտանգության շղթայում առանցքային դեր ունեն, ինչը վտանգավոր է մի գործընկերոջ պարագայում, որի հուսալիությունն ավելի ու ավելի հարցականի տակ է։
Եվրոպան պետք է վերջապես միավորի իր մասնատված պաշտպանական գնումների համակարգը՝ հնարավորություն տալով սեփական պաշտպանական հսկաներին աճել և մրցունակ դառնալ։ Նույնքան կարևոր է պաշտպանական տեխնոլոգիական ստարտափների զարգացումը՝ ինչպես Helsing-ը, Quantum Systems-ը կամ Tekever-ը։
ԱՄՆ-ից տեխնոլոգիական կախվածությունը նվազեցնելը ոչ պակաս դժվար է։ Ըստ գնահատականների՝ ամերիկյան երեք ընկերություն վերահսկում է Եվրոպայի ամպային հաշվարկների շուկայի շուրջ 65 տոկոսը։ Ամերիկյան ընկերությունները գերակշռում են նաև արհեստական բանականության հիմքային մոդելներում, կիսահաղորդիչներում, որոնողական համակարգերում, սոցիալական ցանցերում և հաղորդագրությունների հավելվածներում։ Թեև այս ամենն ամբողջությամբ փոխարինելը գրեթե անհնար է, Եվրոպան կարող է շատ ավելի հետևողականորեն խթանել սեփական տեխնոլոգիական էկոհամակարգը։
Եվրոպական ստարտափների համար ամենամեծ խթանը կարող է լինել միասնական շուկայի խորացումը։ Սակայն անհրաժեշտ է նաև մասնավոր աճի կապիտալի համախմբում և «առաջինը՝ եվրոպական» սկզբունքի խրախուսում պետական և կորպորատիվ գնումներում։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Լուիս Գարիկանոն պնդում է, որ ԵՄ ներկայիս կառուցվածքը չափազանց ծանր է՝ արագ արձագանքելու համար։ Նա կողմ է «կամեցողների կոալիցիաների» գաղափարին՝ ռազմարդյունաբերության, կապիտալի շուկաների և արդյունաբերական քաղաքականության ոլորտներում։ Այդ կոալիցիաները պետք է ներառեն նաև ԵՄ-ից դուրս երկրների, ինչպես Մեծ Բրիտանիան ու Ուկրաինան։
«Եվրոպան հուսահատորեն արտաքին ցնցման կարիք ուներ,- ասում է Գարիկանոն։- Ես արդեն հաշիվը կորցրել եմ այն ահազանգերի, որոնց ժամանակ մենք պարզապես սեղմել ենք «հետաձգել» կոճակը»։ Նրա համոզմամբ, եթե Թրամփին հաջողվի Եվրոպային միավորել կոշտ, պրագմատիկ բարեփոխումների շուրջ, քսան տարի անց աշխարհամասը կլինի ավելի ուժեղ դիրքում։
Թրամփը Եվրոպայում ծայրահեղ ոչ պոպուլյար է, և ինչպես ցույց է տվել Կանադայի փորձը, ԱՄՆ նախագահի դեմ հստակ դիրքորոշումը կարող է նաև թուլացնել ներսում ուժեղացող պոպուլիստ ազգայնականներին։ Ինչպես Սառը պատերազմի տարիներին արևելքից եկող ճնշումը ստիպեց Եվրոպային համախմբվել, այնպես էլ այսօր արևմուտքից եկող սպառնալիքները կարող են դառնալ եվրոպական վերածննդի խթան։
Civilnet










