Գլխավոր Լրահոս

Վարկանշային պատերազմներ

Moody's-ում որոշել են գնահատել մրցակիցների ռիսկերը

Երբ 2008թ. ֆինանսական ճգնաժամի պատասխանատվությունը դրվեց միջազգային վարկանշային եռյակի՝ Moody's-ի, Standard & Poor's-ի (S&P) և Fitch Ratings-ի վրա, գործակալությունները հայտնվեցին կարգավորիչների և հասարակության քննադատության թիրախում։ Հետ չմնալով շուկայի ընդհանուր միտումներից՝ միմյանց քննադատել սկսել են նաև գործակալությունները։ Moody's-ը, օրինակ, պարբերաբար կոշտ հայտարարություններ է հնչեցնում գործընկերների հասցեին՝ պնդելով, թե նրանց վարկանիշներն ադեկվատ չեն գնահատում արժեթղթավորման շուկայի աճող ռիսկերը։ Փորձագետները վստահ են, որ գործակալությունն այդպիսով փորձում է իր կողմը գրավել մրցակիցների հաճախորդներին։

Moody's-ը նախօրեին հրապարակած իր «ԱՄՆ-ի արժեթղթավորման ոլորտի ռիսկերը» զեկույցում նշում է, որ արժեթղթավորման ոլորտում միտումները կրկին տագնապալի են՝ subprime հիփոթեքով և բարձրռիսկային այլ ակտիվներով ապահովված պարտատոմսերի շուկայի «փուչիկի» պայթյունին հաջորդած «խաղաղ ժամանակներից» հետո։ Գործակալությունը նշում է, որ բանկերը կրկին սկսել են մեղմել փոխառուներին ներկայացվող պահանջները, իսկ տրամադրած վարկերն ակտիվորեն վերածում են արժեթղթերի։

Moody's-ը քննադատել է վարկերով ապահովված ակտիվների թողարկման մի շարք գործարքների վարկանշումը։ Խոսքը, մասնավորապես, ավտովարկերի արժեթղթավորման մասին է, որոնք տրամադրել է ոլորտում մասնագիտացող Exeter Finance-ը։ S&P-ն դրանց շնորհել է AA վարկանիշ, իսկ կանադական DBRS-ը՝ նոր, առավելագույն AAA։ Moody's-ը, որը որևէ առնչություն չունի այս ընկերության հետ, հայտարարել է, որ ինքը երբեք այդքան բարձր վարկանիշ չէր շնորհի թողարկված այս գործիքներին։

Նշենք, որ ԱՄՆ-ի օրենսդիրները հենց վարկանշային գործակալություններին էին համարել «ֆինանսական փլուզման գլխավոր մեղսակիցներ»։ ԱՄՆ-ում 2010թ. ընդունված Դոդ-Ֆրենկի օրենքը գործակալություններին իրավունք է վերապահում ոչ պաշտոնական տեսակետ հայտնել այն գործարքների վերաբերյալ, որոնց հետ նրանք անմիջական առնչություն չունեն։ Գաղափարի հեղինակների կարծիքով՝ սա կարող է նպաստել գործակալությունների աշխատանքի որակի բարելավմանը։ Միջազգային վարկանշային եռյակում, փաստորեն, այս հնարավորությունը որոշել են օգտագործել մրցակիցների հաճախորդներին իրենց կողմը գրավելու համար։

Ընդ որում՝ Moody's-ը միակը չէ, որն օգտվում է օրենքի ընձեռած այս հնարավորությունից։ Ավելի վաղ S&P-ն, օրինակ, քննադատել էր հիփոթեքով ապահովված պարտատոմսերին Moody's-ի կողմից առավելագույն վարկանիշի շնորհումը։ Fitch-ը, իր հերթին, քննադատել էր S&P-ին՝ հիփոթեքային շուկայում համանման գործարքների համար։

Գործակալությունները, սակայն, հերքում են փոխադարձ մեղադրանքների փաստը։ «Շուկան միայն շահել է տարակարծությունից»,– հայտարարել են S&P-ում՝ ի պատասխան Moody's-ի քննադատության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում