Լիզինգով ու մասնավոր ներդրողներին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկարաժամկետ լիզինգով մասնավոր ներդրողներին և օտարերկրյա սուվերեն ֆոնդերին կփոխանցեն ավտոմայրուղիները։ Երեկ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ ներկայացնելով երկրում ավտոմոբիլային ճանապարհների ցանցի արմատական բարելավման պետական ծրագիրը, գրում է The Financial Times-ը։
Մասնավոր հատվածին փոխանցվող ճանապարհները Մեծ Բրիտանիայի ավտոճանապարհային ցանցի մոտ 3%-ն են։ Ներկայում ավտոմայրուղիները կառավարում է Մեծ Բրիտանիայի Պետական ճանապարհային գործակալությունը։ Ակնկալվում է, որ ընկերությունները, որոնք լիզինգով ձեռք կբերեն բրիտանական ճանապարհները, ավելի արդյունավետ կծախսեն դրանց պահպանմանն ուղղված միջոցները, որոնք կստանան պետբյուջեից։ Բացի այդ՝ մասնավոր ընկերությունները հնարավորություն կունենան գումար վաստակել հարակից ծառայությունների հաշվին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունում վստահ են, որ ճանապարհների՝ լիզինգի հանձնումը հնարավորություն կտա ոչ միայն մասնավոր ներդրողներ ներգրավել, այլև բարելավել ավտոմայրուղիների որակը։ Քեմերոնի խոսքով՝ լիզինգի հանձնված ճանապարհները չեն դառնա վճարովի, սակայն եթե ներդրողն աշխատանքներ տանի ճանապարհի թողունակության մեծացման ուղղությամբ կամ նոր ճանապարհներ կառուցի, ապա իրավունք կունենա լրացուցիչ գումար գանձել դրանց դիմաց։ Ներդրողների գործունեության վերահսկման նպատակով նախատեսվում է երկրում հատուկ գերատեսչություն ստեղծել։
Քեմերոնի ներկայացրած ծրագրի ուշագրավ կետերից մեկն այն է, որ մասնավոր ընկերություններից բացի՝ Մեծ Բրիտանիան տրանսպորտային ենթակառուցվածքներում կատարվող ներդրումներում կներգրավի օտարերկրյա սուվերեն ֆոնդերին, ինչպիսին, օրինակ, Չինաստանի ներդրումային կորպորացիան է (CIC)։
Մեծ Բրիտանիայում ավտոճանապարհների ցանցը 400 հազ. կմ է, որից 3,5 հազ-ը ավտոմայրուղիներն են, 344 հազ-ը՝ կոշտ ծածկով ճանապարհներ։
Civilnet










