Կիևը կրկնում է Աթենքի փորձը՝ պատճառաբանելով գազի գները
Սնանկացման օրինակը վարակիչ է. ներդրողները մտավախություն ունեն, որ Կիևը, օգտվելով հունական նախադեպից, ևս կցանկանա «սահմանափակ դեֆոլտ» հայտարարել, գրում են SoberLook բլոգի հեղինակները։
Հունաստանը լավ դաս տվեց պարտքեր կուտակած բոլոր երկրներին. իրականում պարտքի վերակառուցման մեջ որևէ սարսափելի բան չկա, կարելի է անգամ մասնակի դեֆոլտի դիմել՝ առանց պաշտոնական ու բարձրագոչ հայտարարությունների։ Ներդրողները ժամանակի ընթացքում կվերադառնան, իսկ միջազգային կազմակերպություններին հեշտ է մանիպուլացնելը. նրանցից կարելի է գումարներ ստանալ, իսկ երաշխիքների շնորհիվ՝ կրկին վարկեր ներգրավել։
Աթենքի այս ուղին կարող են կրկնել պետպարտքի բարձր մակարդակ և աճի թույլ տեմպեր ունեցող մյուս երկրները ևս, օրինակ՝ Ուկրաինան։
Անցած շաբաթ Standard & Poors միջազգային վարկանշային գործակալությունը «կայուն»-ից «բացասական»-ի վերանայեց Ուկրաինայի սուվերեն վարկանիշի (օտարերկրյա և ազգային արժույթով՝ В+/В) կանխատեսումը։ Երկրի տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Վադիմ Կոպիլովը հայտարարեց, թե կառավարությունը մտադիր է բանակցություններ սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ պարտքերի վճարման ժամկետը 10 տարով երկարաձգելու շուրջ։
Վարչապետ Նիկոլայ Ազարովն ավելի վաղ խոսել էր խնդիրների լուծման այլ եղանակի մասին. ԱՄՀ-ն նոր վարկ կտրամադրի՝ նախորդները վերաֆինանսավորելու նպատակով։ Ուկրաինան 2008թ. ԱՄՀ-ից ստացել է $16,4 մլրդ վարկ, երկու տարի անց՝ ևս $15 մլրդ։ Ակնկալվում է, որ Կիևն այս տարի հիմնադրամին պետք է վերադարձնի $3 մլրդ, իսկ մասնավոր ներդրողներին՝ $2,5 մլրդ։
Հատկանշական է, որ Ուկրաինան դեռ մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ չի պատրաստում կատարել ԱՄՀ-ի պահանջները։ Սոցիալական ծախսերի մակարդակը, օրինակ, այնքան էր բարձրացվել, որ ՀՆԱ-ի 1,2%-ի չափով գերազանցել էր հիմնադրամի հետ կնքած պայմանագրով հաստատված նպատակային ցուցանիշը։ Սա ընտրություններից առաջ քաղաքական խնդիրների լուծման համար խաղարկվող ստանդարտ եղանակ է, գրում են SoberLook-ի հեղինակները։
Պաշտոնական Կիևը փորձում է տպավորություն ստեղծել, թե գնում է բյուջեի դեֆիցիտի կրճատման ճանապարհով. 2012թ. այն պետք է կազմի ՀՆԱ-ի 3,9%-ը։ Սակայն այդքան էլ հեշտ չէ այս նպատակի իրագործումը. ծախսերը բարդ է կրճատել, իսկ եկամուտներն անհնար է բարձրացնել աճի ցածր տեմպերի պատճառով։
Շվեյցարական Credit Suisse բանկի փորձագետները կարծում են, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն այս տարի կաճի ավելի քան 3%-ով։ Այդուհանդերձ, առանց արտաքին աջակցության երկիրն ի վիճակի չի լինի հաղթահարել ներքին խնդիրները։ Ընդ որում՝ եթե Ռուսաստանը զիջման գնար գազի գնի հարցում, ապա երկրի բյուջեի դեֆիցիտը 2012թ. կարող էր կազմել ՀՆԱ-ի 2,7%-ը։ Ըստ բանկի փորձագետների՝ եթե Ուկրաինային չհաջողվի վերավարկավորել նախորդ պարտավորությունները, ապա Կիևը հարկադրված կլինի դիմել պարտքի վերակառուցման։
ԱՄՀ-ն չունի պարտքի դուրսգրման կամ վերակառուցման հստակ մեխանիզմ, առայժմ պատրաստ էլ չէ նոր վարկ տրամադրել Կիևին։ Ամեն դեպքում, Ուկրաինան կարող է սակարկել՝ աչքի առաջ ունենալով Հունաստանի ոգևորիչ փորձը։ Աթենքին թույլ տալով պարտքի վերակառուցում՝ Եվրամիությունն ու ԱՄՀ-ն արդեն նախադեպ են ստեղծել։
Civilnet










