Deutsche Boerse-ն կարգավորչին չներեց NYSE Euronext-ի հետ գործարքի արգելափակումը
Ֆրանկֆուրտյան Deutsche Boerse (DB) առևտրային հարթակը մտադիր է դատարանում պաքարել Նյու Յորքի NYSE Euronext (New York Stock Exchange) բորսայի հետ միաձուլման իրավունքի համար։ Գերմանական օպերատորը նախօրեին պաշտոնապես հայտարարել է Եվրահանձնաժողովի որոշումը բողոքարկելու պատրաստակամության մասին։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 1-ին Եվրահանձնաժողովն արգելափակել էր DB-ի և NYSE Euronext-ի միաձուլման $18-միլիարդանոց գործարքը՝ այն ԵՄ հակամենաշնորհային օրենսդրության խախտում համարելով։
DB-ում վստահ են, որ կարգավորչի «որոշման որոշ ասպեկտներ» «կոռեկտ» չեն եղել։ Լյուքսեմբուրգ ներկայացվելիք հայցի մյուս մանրամասները բորսայի ներկայացուցիչները չեն պարզաբանել։ Հայտնի չէ նաև, թե արդյոք NYSE Euronext-ը կմիանա DB-ի հայցին։ Նյու Յորքի բորսայում նշում են, որ վերջնական որոշում իրենք դեռ չեն կայացրել։ Ի դեպ՝ Եվրահանձնաժողովի որոշումը վիճարկելու համար բորսաներն ունեն երկու ամիս և տասը աշխատանքային օր ժամանակ՝ գործարքի արգելափակման մասին պաշտոնական ծանուցումը ստանալու պահից։
Նշենք, որ DB-ի և NYSE Euronext-ի միավորման շուրջ բանակցությունները շարունակվել են մոտ մեկ տարի։ DB-ի գլխավոր տնօրեն Ռետո Ֆրանչիոնին փետրվարին դրանց տապալումը «Եվրոպայի համար սև օր» էր անվանել։ Գործարքի կայացման դեպքում կստեղծվեր համաշխարհային խոշորագույն բորսայական օպերատորը՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշի ($25,9 մլրդ): Նոր օպերատորը կգերազանցեր համաշխարհային ներկայիս առաջատար Հոնգ Կոնգի Hong Kong Exchanges & Clearing առևտրային հարթակին ($24,9 մլրդ շուկայական կապիտալիզացիայով): Ստեղծվելիք առևտրային հարթակը խոշորագույնը կլիներ նաև բաժնետոմսերի և դերիվատիվների վաճառքի ցուցանիշով:
Գործարքը նախատեսվում էր իրականացնել բաժնետոմսերի փոխանակման միջոցով, ինչի արդյունքում DB-ն կվերահսկեր միավորված ընկերության կապիտալի 60%-ը: Գործարքը կապահովեր մոտ $410 մլն-ի սիներգետիկ էֆեկտ։
Նշենք, որ NYSE Euronext-ը ներառում է Նյու Յորքի բորսան, ինչպես նաև առևտրային հարթակներ Փարիզում, Ամստերդամում, Բրյուսելում և Լիսաբոնում։ DB-ն Եվրոպայի խոշորագույն բորսան է՝ ըստ կապիտալիզացիայի ցուցանիշի: Այն վերահսկում է Ֆրանկֆուրտի բորսան և Eurex միջազգային հարթակի դերիվատիվների գործարքների 50%-ը։
Civilnet










