Խաղում են սաուդցիները, լիբիացիներն ու իրանցիները
Նավթի բարձր գները, մատակարարման ընդհատումների մտավախությունների և աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, համաշխարհային տնտեսության կայունությանը սպառնացող գլխավոր գործոնն են։
Նախօրեին Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ համաձայն չէ նավթի ընթացիկ բարձր գներին (120 $/բարել) և մտադիր է նվազեցնել «սև ոսկու» արժեքը։ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի աշխարհաքաղաքական գլխավոր դաշնակիցն այսպիսով փորձում է սառեցնել գլոբալ էներգետիկ շուկան։
Սաուդյան Արաբիայի կառավարության հայտարարության համաձայն՝ թագավորությունն ինչպես ինքնուրույն, այնպես էլ գործընկերների հետ ամեն քայլ կձեռնարկի՝ նավթի գները հիմնավորված մակարդակներ վերադարձնելու համար։ Ավելի վաղ Էռ Ռիադը հայտարարել էր, որ նավթի խելամիտ գինը պետք է լինի 100 $/բարել-ի սահմանում։
Մյուս կողմից՝ իրանական նավթի նկատմամբ էմբարգոյի պայմաններում ու ներդրողներին հանգստացնելու նպատակով Սաուդյան Արաբիան որոշել է վերսկսել նավթի արդյունահանումը նախորդ տարիներին կոնսերվացված հանքավայրերից։ Խոսքը երկրի առաջին խոշոր հանքավայր Dammam-ի մասին է, որտեղ նավթի արդյունահանումը սկսվել է դեռ 1938թ. և ժամանակավորապես դադարեցվել է 1980թ.։ Սաուդական նավթի լրացուցիչ ծավալներ պետք է ապահովի նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Manifa խոշոր հանքավայրի շահագործումը։
Բացի այդ՝ Էռ Ռիադը շարունակում է մեծացնել ածխաջրածինների մատակարարման ծավալները ԱՄՆ-ին։ Այս տարվա առաջին տասը շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգներին ավելի քան 1,5 մլն բարել նավթ է մատակարարել, ինչը վերջին չորս տարիների առավելագույն ցուցանիշն է։ Բացի այդ՝ սաուդյան թագավորությունը վարձել է մինչև 2 մլն բարել տարողունակության միանգամից 12 հեղուկանավ, որոնք բոլորն էլ ԱՄՆ են ուղղվելու։
Նավթ՝ Եվրոպայի փոխարեն
Նավթի բարձր գինը գրավել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի ուշադրությունը։ «Համաշխարհային տնտեսության հաջորդ սպառնալիքը կարող են նավթի շուկայական բարձր գները դառնալ»,– հայտարարել է Լագարդը՝ հավելելով, որ աշխարհի ուշադրության կենտրոնում ներկայում ոչ թե Եվրոպան է, այլ հենց «սև ոսկու» գինը, որը պայմանավորված է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով։
Երեկ ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարել է, որ մտադիր չէ միակողմանի պատժամիջոցներ կիրառել իրանական նավթի ներկրումները զգալիորեն կրճատած երկրների նկատմամբ։ Reuters-ի հաղորդմամբ՝ ցուցակում ներառված է Ճապոնիայի և եվրոպական տասը երկրի անուն։
Ճապոնիայի կառավարությունը, իր հերթին, պահանջել է, որ 2012թ. իրանական նավթի ճապոնական ներկրողներն անցած տարվա համեմատ գնումները կրճատեն 10-20%-ով։ Դեռ ընթացիկ տարվա սկզբին Տոկիոն հայտարարում էր, որ մտադիր է կրճատել նավթի ներկրումը Իրանից։ 2011թ. Ճապոնիան իրանական նավթի ներկրման ծավալով երրորդն էր՝ Եվրամիությունից և Չինաստանից հետո։
Նավթի համաշխարհային մեկ այլ խոշոր մատակարար՝ Լիբիան, մտադիր է հաջորդ ամսվա ընթացքում վերականգնել նավթի արտահանման մինչպատերազմյան ծավալները։ Այս մասին հայտարարել է լիբիական պետական National Oil Corp ընկերությունը։ Երկիրը ծրագրում է արդեն ապրիլին 1,4 մլն բարել/օր նավթ արտահանել, ինչը կգերազանցի 2011թ. փետրվարի մակարդակը։ Նշենք, որ լիբիական նավթի հիմնական գնորդներն են Իտալիան, Չինաստանը, Ֆրանսիան, Իսպանիան։
Ի դեպ՝ երեկ Brent տեսակի նավթն առևտրային հարթակներում գնանշվում էր 124 $/բարել-ը գերազանցող մակարդակում։
Civilnet










