Գլխավոր Լրահոս

Ամենահարուստ ռուսը ֆինլանդացի է

РБК-ն հաշվել է հետխորհրդային տարածքի միլիարդատերերին

Ռուսական РБК գործարար ամսագիրը կազմել է «Ռուսաստանի և ԱՊՀ-ի միլիարդատերեր-2012» վարկանիշը, որը գլխավորում է ռուսական ծագմամբ, Ֆինլանդիայի քաղաքացի, Gunvor Group Ltd նավթային ընկերության սեփականատեր Գենադի Տիմչենկոն։ Վարկանիշն ամբողջությամբ կհրապարակվի ամսագրի նոր՝ ապրիլյան համարում։

РБК-ն Տիմչենկոյի կարողությունը ներկայում գնահատում է $24,61 մլրդ։ Մեկ տարում գործարարի կապիտալն ավելացել է մոտ $10 մլրդ-ով, ինչը հիմք է հանդիսացել վարկանիշում նրա դիրքն անցած տարվա համեմատ 13 հորիզոնականով բարելավելու համար։

Հետաքրքրական է, որ Տիմչենկոն համարվում է ամենախորհրդավոր ռուս գործարարը, քանի որ ամսագրի փորձագետները նախորդ տարիներին չեն ունեցել բավարար տվյալներ՝ նրա գլխավոր ակտիվի՝ Gunvor-ի գնահատման համար։ Այդ պատճառով նա տարիներ շարունակ աղյուսակի միայն երկրորդ տասնյակում է եղել։

2011թ. վարկանիշի առաջատար, մետալուրգ Վլադիմիր Լիսինն այս տարի զիջել է ոչ միայն Տիմչենկոյին, այլև Mail.Ru Group-ի, «Մետալոինվեստ»-ի, «Մեգաֆոն»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովին։ Վերջին շրջանում գործարարն ակտիվորեն ընդլայնել է իր մեդիաակտիվները՝ մասնաբաժիններ ձեռք բերելով «Վկոնտակտե», Facebook և Twitter սոցցանցերում։ Ներկայում Ուսմանովի կարողությունը $19,7 մլրդ է։ Իսկ «Նովոլիպեցկի մետալուրգիական գործարան»-ի սեփականատեր Լիսինի կարողությունը, ընդհակառակը, նվազել է՝ $23,34 մլրդ-ից մինչև $18,76 մլրդ։

Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածու, «Օնէկսիմ» ընկերությունների խմբի ղեկավար Միխայիլ Պրոխորովը ԱՊՀ-ի ամենահարուստ գործարարների աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ $18,15 մլրդ կարողությամբ։ «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, ըստ РБК-ի, հետխորհրդային տարածքի հինգերորդ միլիարդատերն է՝ $18,06 մլրդ կարողությամբ։

Եվտուշենկովին հաջորդում են «Ալֆա գրուպ»-ի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը ($16,62 մլրդ) և «Նաֆտա Մոսկվա» հոլդինգի ու «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Դաղստանի դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովը ($16,56 մլրդ)։ Ամսագիրն անգամ կատակում է՝ Հունաստանին, օրինակ, առաջարկելով Քերիմովին դարձնել իր երկրի ֆինանսների նախարար, քանի որ գործարարը բավական արագ է հաղթահարել 2008թ. ֆինանսական ճգնաժամի հետևանքները։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև «ալյումինային արքա» Օլեգ Դերիպասկան ($15,2 մլրդ), «Սեվերստալ»-ի ղեկավար Ալեքսանդր Մորդաշովը, ինչպես նաև «Նովատէկ»-ի և «Սիբուր»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը ($13,76 մլրդ)։ Վերջինս իր դիրքերը վարկանիշում բարելավել է միանգամից 10 հորիզոնականով։ Ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածքի միլիարդատերերի վարկանիշի առաջին տասնյակում, բացառությամբ Տիմչենկոյի, Ռուսաստանի ներկայացուցիչներ են։

Millhouse Capital հոլդինգի և «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ($13,7 մլրդ) հայտնվել է վարկանիշի 11-րդ հորիզոնականում։ Նրան հաջորդում են «Ինտեռռոս»-ի սեփականատեր և հայտնի բարերար Վլադիմիր Պոտանինը ($13,4 մլրդ), «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեկպերովը ($12,74 մլրդ) և «Ռենովո»-ի սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգը։

РБК-ի վարկանիշի 15-րդ հորիզոնականում ուկրաինացի ձեռնարկատեր, System Capital Management-ի սեփականատեր, «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռինատ Ախմետովն է՝ $12,4 մլրդ կապիտալով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում