ԵԿԲ նախագահը վերաշարադրել է առաջնությունները պարտքային ճգնաժամում
Եվրոպական պարտքային ճգնաժամի վատագույն փուլն անցյալում է, թեև որոշ ռիսկեր դեռ պահպանվում են։ «Եթե գնաճային ռիսկերն ավելանան, ԵԿԲ-ն անմիջապես գործի կանցնի»,– հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ԵԿԲ-ն չի գնել սուվերեն պարտատոմսեր՝ համոզված լինելով, որ ներդրողների վստահությունն աստիճանաբար շուկա է վերադառնում, պարզաբանել է Դրագին։ Նա վստահեցրել է, որ տարածաշրջանի տնտեսության դանդաղ վերականգնումն արդեն մեկնարկել է և կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում։ «Հերթն այժմ Եվրամիության երկրների կառավարություններինն է, որոնք էլ պիտի ապահովեն տարածաշրջանի ֆինանսական կայունությունը»,– ասել է Դրագին։
Տնտեսության վերականգնմանը կաջակցեն նաև կարճաժամկետ ցածր տոկոսադրույքները, ընդգծել է ԵԿԲ նախագահը՝ նշելով, որ բանկի դրամավարկային քաղաքականությունը թույլ է տվել զգալիորեն թուլացնել ֆինանսական շուկաներում սուվերեն պարտքերի ճգնաժամի պատճառով ծագած ճնշումները։
Եվրոպայի թիվ մեկ բանկիրն անդրադարձել է նաև եվրոգոտու ֆինանսական կառավարման համակարգի կայունացման գործընթացում արձանագրված զգալի առաջընթացին, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում հարկաբյուջետային քաղաքականության խստացմանը։
Մարիո Դրագին մատնանշել է նաև այն ռիսկերը, որոնք կարող են Եվրամիության տնտեսական աճի վերանայման պատճառ դառնալ։ Անորոշության պայմաններում չի բացառվում ճգնաժամի խորացման հավանականությունը, ինչը իր հերթին կարող է ազդել եվրոպական տնտեսության իրական հատվածի վրա։ ԵԿԲ նախագահը հատուկ առանձնացրել է պրոտեկցիոնիզմի աճող վտանգը, ինչը կործանարար հետևանքներ կարող է ունենալ առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող եվրոպական տնտեսության համար։
Ինչ վերաբերում է բանկի դրամավարկային քաղաքականությանը, ապա Դրագիի խոսքով՝ այն կմնա անփոփոխ։
Civilnet










