Գլխավոր Լրահոս

Ի՞նչ ճակատագիր կունենա ԵվրԱզԷՍ-ը

Մոսկվան կողմնորոշվելու ժամանակ է տվել՝ մինչև մայիս

Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության (ԵվրԱզԷՍ) վերակազմավորման վերաբերյալ իրենց մոտեցումները կառույցի անդամ երկրները կներկայացնեն կազմակերպության՝ մայիսին կայանալիք գագաթաժողովին, իսկ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2015թ., հայտարարվեց ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի՝ Մոսկվայում երկուշաբթի տեղի ունեցած նիստից հետո։

Միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցում էին ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի և Տաջիկստանի, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները, նվիրված էր կառույցի վերակազմավորման և ԱՊՀ տարածքում հետագա ինտեգրացիոն գործընթացներին։

Նիստի ավարտին ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ ԵվրԱզԷՍ-ի վերակազմավորման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի, Մաքսային միության անդամ պետությունների անձնագրային և այցագրային վերահսկողության միասնականացման մասին որոշումները։

ԵվրԱզԷՍ-ի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ կառույցի ներկայիս անդամների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակը տնտեսական սերտ համագործակցության ապահովումն էր։ Կառույցի հնարավոր վերակազմավորման մասին քննարկումները սկսվեցին անցած տարվա հուլիսին, երբ սկսեց գործել Մաքսային միությունը, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Այս տարվա հունվարին, երբ ուժի մեջ մտավ Միասնական տնտեսական տարածքի պայմանագրա-իրավական բազան, քննարկումներն ավելի ինտենսիվ բնույթ ստացան։

Փորձագետների կարծիքով՝ ԵվրԱզԷՍ-ի վերակազմավորման շուրջ մոտեցումների հստակեցման հետաձգումը մինչև մայիս պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի միջև առկա տարաձայնություններով։ Մոսկվան ցանկանում է լուծարել ԵվրԱզԷՍ-ը և այն վերակազմավորել Եվրասիական տնտեսական միության։ Այս տարբերակին դեմ է Մինսկը։ Նա միության փոխարեն նախընտրում է Եվրասիական տնտեսական միասնական տարածքի ստեղծում։

Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի, որի տրամադրության տակ է հայտնվել վերակազմավորման մասին համաձայնագրի նախագիծը, հիմնական տարաձայնությունները կապված են ԵվրԱզԷՍ-ի ոչ թե լուծարման կամ ապագա կառույցի անվան, այլ դրա ձևաչափի և իրավական հարցերի հետ։ Քննարկումների տեղիք է տվել նաև այն, թե որ ոլորտներում, ինչ ուղղություններով և արագությամբ են ընթանալու ինտեգրացիոն գործընթացները։

Ինչ վերաբերում է կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններին և ապագա կառույցին նրանց անդամակցությանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը միջպետական խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, թե միջազգային որևէ կառույցին անդամակցությունը որոշակի արտոնություններ է ապահովում։ «Մենք արդեն քննարկել ենք՝ ինչ է տալիս անդամակցությունը Մաքսային միությանը, և ինչ խնդիրների կառերեսվեն երկրները, որոնք կառույցի անդամ չեն։ Ճիշտ ենք համարել նաև մեր դիրքորոշումը հստակ ներկայացնել դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներին»,– ասել է Մեդվեդեևը։

Ի դեպ՝ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե Ուկրաինան չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ կլինի փոխել երկրի Սահմանադրությունը։ Ըստ նրա՝ Ուկրաինան չի կարող անդամակցել կազմակերպություններին, որոնք վերպետական կարգավորչի գործառույթներ ունեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում