Գլխավոր Լրահոս

Նոր հին դեղատոմս

Իշխող կուսակցությունների փոփոխությունը ճգնաժամի լուծում չէ

Պարտքային ճգնաժամը փոխեց Եվրոպայի ոչ միայն տնտեսական ցուցանիշները, այլև քաղաքական ուժերի դասավորվածությունը: Ռեցեսիայի վտանգը, գործազրկության աճն ու բնակչության եկամուտների նվազումն իշխող կուսակցությունների նկատմամբ եվրոպացիների դժգոհության տեղիք են տվել։ Արդյունքում երկու տարում Եվրամիության ինը երկրում տեղի ունեցավ իշխող քաղաքական էլիտաների փոփոխություն: Այդուհանդերձ, իշխանության եկած նոր կուսակցությունները ճգնաժամի դեմ պայքարում օգտագործում են հին մեթոդները:

Վստահության ճգնաժամ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին նախորդած տարիներին եվրոպական կառավարությունները, որոնց մեծ մասում իշխող դիրքերում սոցիալիստներն էին, հեշտությամբ հսկայական միջոցներ էին հատկացնում սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Տնտեսությունն աճում էր, արտաքին փոխառությունների հետ խնդիրներ չէին ծագում: Սակայն գլոբալ ֆինանսական խնդիրները ստիպեցին գոտիները ձգել Հին աշխարհի ոչ միայն բնակիչներին, այլև իշխանություններին, որոնք արտաքին փոխառությունների շուկա դուրս եկան բյուջեի ճեղքերը փակելու համար: Փոխառությունների գինը սկսեց աճել, ինչը հանգեցրեց դրանց սպասարկման ծախսերի մեծացմանը։

2009թ. պետպարտքը եվրոգոտում աճեց մինչև ՀՆԱ-ի 70%, 2011թ. միջին հարաբերակցությունն արդեն 85%-ի մակարդակում էր: Ընդ որում՝ առանձին երկրներում, ինչպիսին են Հունաստանն ու Իտալիան, այն նկատելիորեն գերազանցեց 100%-ը: Որպես հետևանք՝ բնակչությունն այլևս չցանկացավ իշխանության գլուխ տեսնել սոցիալիստներին։

2009թ. աշնանից սոցիալիստները ստիպված եղան իշխանությունը զիջել ԵՄ վեց երկրում՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Հունգարիա, Սլովակիա և Բուլղարիա: «Ճգնաժամի պայմաններում աջերի իշխանության գալն ինչ-որ առումով արդարացված է, նրանք ավելի լավ են հաղթահարում տնտեսական բարդ իրավիճակները։ Անկախ այս կամ այն երկրի առանձնահատկություններից՝ ընտրողները պահպանողականներին ավելի կոմպետենտ են համարում»,– գերմանական Handelsblatt-ը մեջբերում է Դյուսբուրգի համալսարանի պրոֆեսոր Էսեն Օլիվեր Շվարցի խոսքը։

Նոր դեմքեր՝ հին մեթոդներ

Իշխանության եկած աջերն առաջին հերթին ձեռնամուխ եղան բյուջետային ծախսերի ակտիվ կրճատմանը, ընդ որում՝ այն մեթոդներով, որոնց մասին խոսում էին նախորդները՝ պետապարատում աշխատատեղերի կրճատում, մի շարք սոցիալական ծրագրերի չեղյալ հայտարարում, նոր հարկատեսակներ կամ գործող հարկադրույքների վերանայում:

Այդուհանդերձ, աջերի իշխանությունը ճգնաժամից դուրս գալու ունիվերսալ դեղատոմս չէ: Պորտուգալիայի ու Իսպանիայի ներկայիս աջ կառավարությունները ոչ մի նոր բան չեն հայտնագործել։ Հունաստանում, Իտալիայում, Դանիայում, ընդհակառակը, ճգնաժամի զոհ դարձան հենց պահպանողականները:

Փոփոխությունների ծարավ

Եվրոպայի բնակչության ճաշակով չեն ճգնաժամի դեմ այն դառը հաբերը, որոնք առաջարկում են թե՛ աջերը, թե՛ ձախերը, թե՛ տեխնոկրատները: Բողոքի ակցիաներն արդեն սովորույթ են դարձել, առաջին հերթին՝ Հունաստանում:

Նման պայմաններում եվրոպացիների հոռետեսությունից օգտվում են աջ պոպուլիստական ու ծայրահեղ աջ կուսակցությունները: Նրանց ժողովրդականությունը Եվրոպայում վերջին տարիներին կտրուկ աճել է:

Հունգարիայում, Նիդեռլանդներում ու Ֆինլանդիայում ծայրահեղ աջերն անգամ խորհրդարան են մտել՝ հայտնվելով ամենաազդեցիկ կուսակցությունների եռյակում: Ընդ որում՝ այսօրվա պայմաններում ոչ մի կառավարություն և իշխող կուսակցություն չի կարող իրեն ապահովագրված համարել։ Վառ օրինակ է Ֆրանսիան: Աջակենտրոնների ղեկավար ու երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի վարկանիշը 2007թ. իշխանության գալուց ի վեր գրեթե երկու անգամ նվազել է:

Զարմանալի չէ, որ հիասթափության այս ֆոնին կտրուկ աճել է (մինչև 20%) ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի վարկանիշը: Ֆրանսիացի վերլուծաբան Պասկալ Պերինոյի խոսքով՝ ֆրանսիացիները ցանկանում են քվեարկել ծայրահեղականների օգտին ոչ թե այն պատճառով, որ վստահում են, այլ մյուս կուսակցություններին «ապտակելու» համար:

Քաղաքական բոլոր գործիչներից հիասթափությունը ոչ թե ֆրանսիական, այլ համաեվրոպական ֆենոմեն է, վստահ է նա: Տարբերությունը միայն հոռետեսության արտահայտումն է. եթե մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, մարդիկ համակված են առավելապես հեղափոխական տրամադրություններով, ապա այլ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, ընտրողն առայժմ հակված է փոխզիջումների ու լիահույս է, որ իշխանությունն ինքն իրեն կբարեփոխի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում