Գլխավոր Լրահոս

Ֆինալում մնացին երեքը

ՀԲ նախագահության մրցապայքարը մոտ է հանգուցալուծմանը

Անցած շաբաթվա վերջին Համաշխարհային բանկն (ՀԲ) ավարտել է կազմակերպության նախագահի պաշտոնին թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը։ ԱՄՆ-ի ավանդական թեկնածուից բացի՝ բարձր այս պաշտոնին հավակնում են Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի զարգացող երկրների ներկայացուցիչները։ Ամեն դեպքում՝ վերջիններիս շանսերը նվազագույն են. չգրված օրենքով ՀԲ նախագահի աթոռը մշտապես զբաղեցնում են ԱՄՆ-ի քաղաքացիները։

ՀԲ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարում փորձագետները բացարձակ ֆավորիտ են համարում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջադրած թեկնածուին՝ ամերիկյան Դարտմուտի քոլեջի նախագահ, ԱՄՆ-ի քաղաքացի Ջիմ Յեն Կիմին։ Ծագումով հարավկորեացի (Կիմի ընտանիքը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1959թ.) այս պաշտոնյայի առաջադրումը յուրօրինակ փոխզիջում է Վաշինգտոնի և զարգացող երկրների միջև, նշում են փորձագետները։ Զարգացող աշխարհը վաղուց է պահանջում, որ ՀԲ-ն ղեկավարի անցումային տնտեսությունների խնդիրներին լավատեղյակ մեկը։ ԱՄՆ-ի կողմից Կիմի առաջադրումը վկայում է, որ հաջորդ անգամ այս պաշտոնը իսկապես կարող է զարգացող երկրի ներկայացուցիչ զբաղեցնել։

Կիմի պաշտպաններն ու քննադատները

Այսպիսով՝ Միացյալ Նահանգները ևս հինգ տարի կպահպանի իր անվերապահ ազդեցությունը ՀԲ-ի վրա։ Կիմին արդեն իր աջակցությունն է հայտնել Հարավային Կորեան։ Ամենայն հավանականությամբ, Կիմի թեկնածությունը կպաշտպանի նաև Եվրոպան՝ ի պատասխան Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի պաշտոնին Քրիստին Լագարդի թեկնածության՝ ԱՄՆ-ի պաշտպանությանը։ Նշենք, որ ԱՄՀ-ի և ՀԲ-ի ձևավորման պահից ի վեր՝ Հին և Նոր աշխարհներին հաջողվել է պահպանել ջենթլմենյան համաձայնությունը. ՀԲ նախագահի պաշտոնում բացառապես ամերիկացիներ են, ԱՄՀ կառավարչի պաշտոնում՝ եվրոպացիներ։

Օբամայի այս ընտրությունը, այդուհանդերձ, միանշանակ արձագանք չի գտել։ Կիմը մի քանի տարի զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնը, և փորձագետները մտավախություն ունեն, որ չունենալով համապատասխան փորձ՝ Կիմը ջանքերը կկենտրոնացնի հիմնականում առողջապահության և կրթության ոլորտների զարգացման ուղղությամբ՝ գլոբալ տնտեսական աճը խթանելու և հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ՀԲ նախագահի պաշտոնը լքելու մտադրության մասին Ռոբերտ Զելիկի հայտարարությունից հետո հավանական թեկնածուների թվում նշվում էին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Սպիտակ տան տնտեսական նախկին խորհրդական Լոուրենս Սամերսի անունները։ Ավելի ուշ, սակայն, այս լուրերը հերքվեցին։

Հույսը վերջինն է մեռնում

ՀԲ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարում Կիմի մրցակիցները Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներն են։ Սև մայրցամաքն առաջադրել է Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալայի թեկնածությունը, որը շուրջ հինգ տարի զբաղեցրել է ՀԲ կառավարիչ-տնօրենի պաշտոնը։ ՀԲ նախագահի պաշտոնի երրորդ թեկնածուն կրկին տնտեսագետ է՝ Կոլումբիայի ֆինանսների և գյուղատնտեսության նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն։ Նրա թեկնածությունն առաջադրել է Բրազիլիան՝ Դոմինիկյան Հանրապետության խնդրանքով։

Հատկանշական է, որ զարգացող առաջատար երկրները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, այդպես էլ թեկնածուներ չեն առաջադրել։ «Ամբողջ աշխարհը հրաշալի գիտակցում է, թե ով է լինելու ՀԲ նոր նախագահը։ Այս խնդիրն արդեն լուծվել է Մեծ քսանյակի դռնփակ հանդիպումների ընթացքում։ Այսպիսի իրավիճակում զարգացող խոշոր տնտեսությունների համար անիմաստ կլիներ իրենց թեկնածուներին առաջադրել՝ գիտակցելով հանդերձ, որ պարտություն են կրելու»,– The Royal Bank of Scotland-ի գլխավոր տնտեսագետ Սիլվիո Պերուզոյի խոսքը մեջբերում է ռուսական РБК Daily պարբերականը։

Ակնկալվում է, որ ՀԲ նոր նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա ապրիլի սկզբին։ Իսկ մինչ այդ թեկնածուները հանդիպումներ են անցկացնում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ վճռորոշ քվեարկությունից առաջ նրանց աջակցությունը ստանալու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում