Ճապոնիան որոշել է խթանել արտահանումն ու մշակույթը
Ճապոնիայի իշխանությունները երկրի սահմաններից դուրս առևտրային թաղամասեր բացելու որոշում են կայացրել։ Դրանք կկրեն Տոկիոյի առևտրային հայտնի թաղամասերի (Գինզա, Սիմբուա, Հարաձյուկու) անունները, որտեղ կենտրոնացած է նորաձև խանութների մեծ մասը։ Ճապոնիայի կառավարությունը այդպիսով մտադիր է նպաստել ինչպես երկրի սահմաններից դուրս ճապոնական մշակույթի տարածմանը, այնպես էլ դեպի Ծագող արևի երկիր զբոսաշրջային հոսքի մեծացմանը։
Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության Cool Japan («Խելահեղ Ճապոնիա») անվամբ այս ծրագրի մեկնարկը նախատեսված է հաջորդ ամիս։ Նախագծին կմասնակցեն ոչ միայն բրենդային ապրանքների իրացմամբ զբաղվող ճապոնական խոշոր ռիթեյլները, այլև փոքր խանութները, որոնք զբաղվում են, օրինակ, հուշանվերների վաճառքով։
Ակնկալվում է, որ մինչև 2020թ. նորաձև արտադրանք թողարկող ճապոնական ընկերությունների՝ Ճապոնիայի սահմաններից դուրս վաճառքի ծավալները Cool Japan-ի շնորհիվ կավելանան 8-11 տրլն յենով (մինչև $130 մլն): AFP-ի հաղորդմամբ՝ ծրագիրը նպատակ ունի նպաստել ճապոնական մշակույթի տարածմանը առաջին հերթին Չինաստանում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
Հատկանշական է, որ անցած տարվա հոկտեմբերին հագուստի արտադրությամբ զբաղվող ճապոնական 15 ընկերություն Սինգապուրում մինի թաղամաս էին հիմնել՝ Harajuku Street Style անվամբ։ Այս նախագիծը գնորդների շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և Սինգապուրի իշխանությունները երկրում լրացուցիչ խանութներ բացելու թույլտվություն էին տվել։
Civilnet










