ՏՀԶԿ-ն հոռետես է եվրոգոտու տնտեսական հեռանկարների հարցում
Եվրոգոտու պարտքային ճգնաժամն անցյալում չէ, թեև այսպիսի տպավորություն կարող է ստեղծվել ֆինանսական շուկաներում լարվածության թուլացման պատճառով։ Այսպիսի եզրահանգում է պարունակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երեկ հրապարակած զեկույցը։ Վերջինիս համաձայն՝ եվրոգոտուն անհրաժեշտ են տնտեսական հավակնոտ բարեփոխումներ, և այս գործում բացառվում է «ինքնամխիթարումը»։
«Եվրոպան դոփում է տեղում։ Նա առաջին հերթին պետք է հաղթահարի այս իրավիճակը և աճը դարձնի իր թիվ մեկ առաջնահերթությունը»,– երեկ զեկույցի շնորհանդեսին Բրյուսելում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան՝ հավելելով, որ «աճի հեռանկարներն անսովոր անորոշ են և, ըստ էության, պայմանավորված են պարտքային ճգնաժամի լուծմամբ»։
Արժութային միության սուվերեն պարտքի հատվածում գործարար վստահությունն անկայուն է և խոցելի, նշում են զեկույցի հեղինակները։ Նրանք նախազգուշացնում են՝ բյուջեի դեֆիցիտի կրճատման ծրագրերը պետք է հավասարակշռվեն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հնարավորություններով։ Հակառակ դեպքում Եվրամիության վարչական համակարգերը կարող են կորցնել անդամ երկրների վստահությունը։
Եվրոգոտին պետք է «ավելի ճշմարտանման և մանրամասն միջնաժամկետ բյուջետային ծրագրեր» մշակի, համոզված են ՏՀԶԿ-ում։ Ըստ զեկույցի՝ ճգնաժամի լուծման կարևոր նախապայմանը բանկերի հզորացումն է։ Ընդ որում՝ եվրոգոտին պետք է զգալի միջոցներ ունեցող հիմնադրամ ստեղծի, որը կաջակցի Իտալիայի և Իսպանիայի խնդրահարույց տնտեսություններին, եթե վերջիններս մեկուսանան շուկաներից։
Ընդ որում՝ ՏՀԶԿ-ն առաջարկում է հիմնադրամի նվազագույն ծավալ սահմանել €1 տրլն-ը։ «Անհրաժեշտ է անմիջական քայլեր ձեռնարկել, որ հիմնադրամի միջոցները բավարար և զանգվածային կերպով հասանելի լինեն, ինչը թույլ կտա դադարեցնել պետպարտատոմսերի վրա հարձակումները»,– նշել են կազմակերպությունում։
Ըստ ամենայնի՝ հենց այս խնդիրներն էլ կդառնան եվրոգոտու ֆինանսների նախարարների (Եվրոխմբի)՝ մարտի 30-ին Կոպենհագենում կայանալիք հանդիպման օրակարգի գլխավոր թեմաները։
Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին օրերս հայտարարել էր, թե եվրոպական պարտքային ճգնաժամի վատագույն փուլն անցյալում է, թեև որոշ ռիսկեր դեռ պահպանվում են։
Civilnet










