Morgan Stanley-ն ֆինանսական շուկայի արմատական փոփոխություններ է կանխատեսում
Համաշխարհային բանկային շուկային ապագլոբալացում է սպառնում, կանխատեսում են ամերիկյան Morgan Stanley-ի և խորհրդատվական Oliver Wyman ընկերության փորձագետները նախօրեին հրապարակած համատեղ զեկույցում։ Ընդ որում՝ կարգավորիչների պրոտեկցիոնիստական քայլերի պայմաններում առավելությունը շատ շուտով կանցնի տեղական բանկերին։
Բացի այդ՝ բիզնեսի վարման պայմանների և կարգավորման խստացմանն ի պատասխան՝ ֆինանսական ընկերություններն առաջիկա տարիներին ակտիվները կկրճատեն մոտ $2 տրլն-ով։ Այս ամենը կհանգեցնի ֆինանսական գլոբալ շուկայի վերափոխման, վստահ են զեկույցի հեղինակները։
2011թ. ֆինանսական միջոցների ներգրավման ծախքերի աճի և շուկայի կարգավորման խստացման պատճառով ներդրումային բանկերը հաշվեկշիռներից դուրս են գրել ակտիվների ընդհանուր ծավալի 7%-ը։ Ընդ որում՝ սա դեռ սկիզբն է, կարծում են Morgan Stanley-ի և Oliver Wyman-ի փորձագետները։ Նրանց կանխատեսմամբ՝ առաջիկա երկու տարում ներդրումային բանկերն ամբողջ աշխարհում ակտիվները կկրճատեն ևս 10%-ով կամ $1 տրլն-ով։
Ակտիվները կկրճատեն նաև կորպորատիվ հաճախորդների ներգրավմամբ մասնագիտացող բանկերը. ցուցանիշը կարող է նվազել 15%-ով կամ $900 մլրդ-ով։ «Սա իսկապես վճռորոշ պահ է ներդրումային և կորպորատիվ բանկերի համար։ Շուկան դեռ ամբողջական պատկերացում չունի ո՛չ բանկերի գործառնությունների պորտֆելների ռացիոնալացման աստիճանի, ո՛չ էլ առաջիկա 12-24 ամսում շուկայական տեղաշարժերի մասին»,– ասված է զեկույցում։
Եթե ավելի վաղ առաջատար բանկերը կարողանում էին թեթևացնել բիզնեսների վրա ճնշումը կլանումների և միաձուլումների (M&A) խոշոր գործարքների միջոցով, ապա ճգնաժամից հետո կարգավորիչներն ամեն կերպ խոչընդոտում են բիզնեսի ընդլայնումը։ Արդյունքում ֆինանսական ինստիտուտները հարկադրված են ընտրություն կատարել իրենց ուժեղ և թույլ կողմերի միջև՝ խաղադրույք կատարելով առաջինների վրա ու ազատվելով վերջիններից։
Բրիտանական RBS-ը, օրինակ, մտադիր է 70 մլրդ ֆունտով ($111,6 մլրդ) կրճատել ռիսկային գնահատվող ակտիվները՝ այդ թվում՝ բրոքերային բիզնեսի մի մասից և բաժնետոմսերի շուկայում գործառնություններից հրաժարվելու ճանապարհով։ Այսպիսի քայլեր արդեն ձեռնարկել են շվեյցարական UBS-ը, ֆրանսիական Societe Generale-ը, ճապոնական Nomura-ն և գերմանական Deutsche Bank-ը։
Շուկայի որոշ հատվածներում թույլ խաղորդների փոխարինումը ուժեղներով կվերաբաշխի համաշխարհային շուկայի 15-20%-ը, կանխատեսում են զեկույցի հեղինակները։ Այս գործընթացը կխթանի նաև ֆինանսական ծառայությունների շուկայի ապագլոբալացումը։ Ճգնաժամից հետո կարգավորիչները սկսել են աչալրջորեն հետևել բանկերի օտարերկրյա «դուստրերի» գործառնություններին՝ վերջիններից պահանջելով կապիտալի և իրացվելիության ավելացում՝ մտավախություն ունենալով, որ ճգնաժամի դեպքում մայր գրասենյակներն առաջին հերթին սեփական բարեկեցության մասին հոգ կտանեն։ Բացի այդ՝ գլոբալ բանկերը, հասկանալով, որ այսպիսի պայմաններում դժվար կլինի մրցակցել տեղական ավելի խոշոր բանկերի հետ, աստիճանաբար հրաժարվում են ոչ առանցքային օտարերկրյա ակտիվներից՝ հօգուտ ներքին շուկայի։
Civilnet










