Գլխավոր Լրահոս

Ավստրալիան և Huawei-ը լեզու չգտան

Պատճառը չինական կիբերհարձակումների վտանգն էր

Ավստրալիայի իշխանությունները չինական Huawei Technologies տեխնոլոգիական խոշորագույն ընկերությանն արգելել են մասնակցել երկրում լայնաշերտ անլար ցանցի ներդրման հայտամրցույթին՝ փորձելով կանխել Չինաստանից կիրբերհարձակումների հավանականությունը, հաղորդում է The Australian Financial Review պարբերականը:

Ավստրալիայի իշխանությունները Huawei-ին հայտամրցույթին մասնակցելու արգելքի մասին ծանուցել են դեռ անցած տարի։ Պարբերականի հաղորդմամբ՝ այս որոշումն ամենաբարձր մակարդակով ընդունվել է Ավստրալիայի հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ։ Վերջիններիս անհանգստացրել է «չինական կիբերհարձակումների հնարավոր վտանգը»։

Ավստրալիայի իշխանություններն արդեն կասեցրել են Huawei-ի և NBN ընկերության (զբաղվում է անլար լայնաշերտ ցանցի նախագծի իրականացմամբ) միջև ստորագրված՝ $1,04 մլրդ-ի սարքավորումների մատակարարման մասին պայմանագիրը։

Ըստ ավստրալական ABC հեռուստաալիքի՝ Huawei-ը Ավստրալիայի հետ հարաբերություններում սառնություն էարձանագրել դեռ անցած տարվա նոյեմբերին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Ավստրալիա այցից հետո։ Huawei-ի ղեկավարությանը այցից հետո, ամենայն հավանականությամբ, հանձնարարվել է «տեղյակ պահել Չինաստանի իշխանություններին, որ Ավստրալիան չի հանդուրժելու կառավարության դեպարտամենտների և վարչությունների նկատմամբ կիբերհարձակումները»։ Նշենք, որ անցած տարվա մարտին կիբերհարձակման էին ենթարկվել Ավստրալիայի վարչապետի, պաշտպանության և արտգործնախարարների համակարգիչները։ Գլխավոր կասկածյալը Չինաստանն էր։

Huawei-ը Ավստրալիայում գործում է 2004-ից՝ այս ժամանակահատվածում հասցնելով համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի ազգային խոշոր ընկերությունների հետ։ Ավստրալիայի լայնաշերտ անլար ցանցի նախագիծը, որը խոշորագույնն է երկրի պատմության մեջ, գնահատվում է $38 մլրդ։ Ակնկալվում է, որ ցանցը շահագործման կհանձնվի 2020թ.։ Huawei-ում մեղադրանքներն անհիմն են համարել ու մտադիր են հասնել որոշման չեղյալ հայտարարմանը։

Նշենք, որ կիբերհարձակումների դեմ պայքարն ու կիբերտարածության անվտանգության ապահովումը մի շարք պետություններում դիտարկվում են ազգային անվտանգության խնդիրների շրջանակում։ Այսպես՝ 2002թ. ԱՄՆ-ում հրապարակվեց «Կիբերտարածության անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը»։

Ըստ ԱՄՆ-ի իշխանությունների՝ երկրի ենթակառուցվածքները լիովին կախված են տեղեկատվական համակարգերից և ցանցերից, որոնք բավական խոցելի են կիբերհարձակումների նկատմամբ։ Ռազմավարության նպատակը այսպիսի հարձակումներին արձագանքման ազգային միասնական համակարգի ստեղծումն է։

2011թ. Գերմանիայի կառավարությունն ընդունեց «Կիբերտարածության անվտանգության ռազմավարությունը», որի գլխավոր նպատակը կառավարական կառույցների, տնտեսության ու անհատ օգտագործողների կիբերպաշտպանվածության բարձրացումն է։ Համանման փաստաթղթեր են ընդունել նաև Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում