Գլխավոր Լրահոս

Մեկ տոկոսի որակը

Հայաստանի թիվ մեկ խնդիրներից է համարվում երկրի հարստության կենտրոնացումը մարդկանց մի նեղ շրջանակի ձեռքում: Ըստ տրամաբանության՝ ճգնաժամի տարիներին բևեռացումը պետք է նվազեր, որպեսզի մեղմվեին տնտեսական անկման սոցիալական հետևանքները: Սակայն անդունդը միայն խորացավ:

Եթե երկրում եկամուտների բաշխման հավասարաչափությունը բնութագրող Gini գործակիցը 2008թ. 0,339 էր, ապա 2010թ. այն աճեց մինչև 0,362 (0-ն՝ կատարյալ արդյունք, երբ երկրում եկամուտները խիստ հավասարաչափ են բաշխված, 1-ը՝ ամենաբացասական), ինչն ակներև հետընթաց է: Հայաստանը կարծես թե վարակվում է «1%-ի հիվանդությամբ», որի ախտանիշներն են հարստության և իշխանության լծակների մենաշնորհումը փոքրաթիվ անձանց կողմից: Սակայն իրական չարիքն ու խնդիրը ոչ թե բուն մենաշնորհման երևույթն է, այլ 1%-ի որակը:

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ եկամուտների բաշխվածությունն աչքի է ընկնում ասիմետրիայով: Զարմանալի է, սակայն Gini բարձր գործակից ունեցող պետությունների շարքում կարելի է գտնել այնպիսիք, որոնց անունները նույնականացվում են տնտեսական հզորության և ազգային բարեկեցության հետ: Սինգապուրում, օրինակ, նշված ցուցանիշը 2011թ. կազմել է 0,473 միավոր: Իսրայելը, որին նույնպես դժվար է դասել միջակ երկրների դասին, 2008թ. ունեցել է 0,392 գործակից (CIAWorld Factbook):

Ամենաանսպասելին թերևս ԱՄՆ-ի՝ 2009թ. 0,468 ցուցանիշն է (US Census Bureau): 2008թ. դրությամբ ԱՄՆ-ում ազգային հարստության 34,6%-ը կենտրոնացած էր բնակչության 1%-ի ձեռքում: Հատկանշական է, որ ճգնաժամից հետո բևեռացումն ավելի է սաստկացել՝ հասնելով 37%-ի:

Այնուամենայնիվ, նման վիճակագրությունը չի խանգարում այս երկրներին լինել հարուստ և հզոր: Սինգապուրը 2010թ. արձանագրել է 14% տնտեսական աճ՝ 5,9% գործազրկության մակարդակով: Իսրայելը այն հազվագյուտ երկրներից է, որտեղ տնտեսական ճգնաժամի շրջանում արձանագրվել է աճ՝ 5%: Նշված ցանկին կարելի է ավելացնել այլ բարեկեցիկ երկրներ, ինչպիսին են Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան։ Փաստորեն, եկամուտների կենտրոնացման և տնտեսական լճացման միջև չկա շոշափելի կորելացիա։ Իրականում խնդիրը ոչ թե արտոնյալ 1%-ի գոյությունն է, այլ դրա որակը։

Եթե ազգի էլիտան բաղկացած է Ուորեն Բաֆեթի կամ Բիլ Գեյթսի կարգի անձանցից, ապա մտահոգվելու կարիք չկա, նույնիսկ եթե նրանք տիրապետում են վիճակագրականորեն չափից դուրս մեծ հարստության։ Նման մարդիկ հարստանում են՝ հարստացնելով ողջ ազգը։ Նույնը, ցավոք, չես ասի հայկական օլիգարխիայի մասին, որի համար լավագույն ներդրումը թանկարժեք ավտոմեքենան է, իսկ ստեղծարարության առավելագույն սահմանը արտադրության պարզունակ ձևերը, որոնցով լավագույն դեպքում կարելի է նվաճել Զիմբաբվեի շուկան։

Աֆրիկյան փոքր պետության համար սա միգուցե նորմալ է, սակայն Հայաստանի պարագայում, որն ունի գիտատար տնտեսության ավանդույթներ և արդյունաբերական արտադրանք արտահանող երկիր դառնալու մեծ ներուժ, նման «բաղադրությամբ» 1%-ը բնականոն զարգացման խոչընդոտ է:

Սոցիալական անհավասարությունն այն գինն է, որ զարգացած երկրների քաղաքացիները վճարում են ազատ և չկարգավորվող շուկայի բարիքներից օգտվելու համար: Հայկական շուկայում ազատություն չկա, իսկ պետական կարգավորման գործիքները որպես կանոն ծառայում են արտոնյալ փոքրամասնության շահերին: Այդ դեպքում էլ ո՞րն է 1%-ին հանդուրժելու իմաստը...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում