Հայաստանի հոգեբանների ասոցիացիան ահազանգում է ինքնասպանության մակարդակի կտրուկ աճի մասին, որն արձանագրվել է մարտի 18-ին ՀՀԿ ցուցակի հրապարակումից հետո: Մասնագետները զգուշացնում են, որ համաճարակը հնարավոր է՝ տևի մինչև մայիսի սկիզբը:
Ինքնասպանությունների ալիքը սկսվեց նախ ՀՀԿ ցուցակի առաջին քսան անունների հրապարակումից հետո: Դատաբժիշկների եզրակացության համաձայն՝ տուժածների մեծամասնությունը, հասնելով ցուցակի տասներորդ համար Գագիկ Բեգլարյանի անվանը, շտապել է Դավթաշենի և Կիևյան կամուրջներ:
Առավել դիմացկուն քաղաքացիները կարողացել են ցուցակն ընթերցել ընդհուպ մինչև «Մանվել Գրիգորյան» տողը, իսկ ընդհանրապես նյարդեր չունեցողները՝ մինչև «Արտաշես Գեղամյան» և «Հայկ Բաբուխանյան» տողերը:
Մասնագետների պնդմամբ՝ ընտրացուցակի առավել մեծ մասն ընթերցած քաղաքացիները առավել դաժան ինքնասպանության միջոցների են դիմել: «Արտաշես Գեղամյան» տողի ազդեցությունը հիմնականում ինքնահրկիզման միտումներ է առաջացրել:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն համաձայն չէ մեղադրանքներին և նշում է, որ կուսակցությունն ամեն ինչ արել է վնասը նվազեցնելու նպատակով: «Պատահական չէ, որ մենք ընտրացուցակը ժողովրդին ներկայացրել ենք փոքրիկ մասերով՝ փորձելով մեղմել դրա ազդեցությունը ազգաբնակչության վրա: Բացի դրանից՝ մեր ընտրացուցակի դեռ չհրապարակված մասում որոշ համեմատաբար նորմալ մարդկանց անուններ կան»,– ասել է նա՝ առանց մասնավորեցնելու վերջիններիս անունները:
Նա հավելել է, որ կուսակցությունը գիտակցաբար է ընդունել այդ ցուցակը հրապարակելու մարտահրավերը. «Մենք, բնականաբար, գիտակցում ենք, որ այս ցուցակով շատ ավելի դժվար կլինի հավակնել ձայների մեծամասնության կամ նույնիսկ որևէ զգալի աջակցության, սակայն մենք այն վճռական և հզոր քաղաքական ուժն ենք, որը կարող է ստանալ ժողովրդի քվեն՝ անկախ ցուցակի նկատմամբ նրանց վերաբերմունքից»:
Իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկում ցուցակի ազդեցությունը զսպելու նպատակով. այն արդեն արգելել են ընթերցել հանրային վայրերում, հեռուստատեսությամբ և մեջբերել տպագիր մամուլում: Սակայն ընդդիմությունը քարոզարշավը որոշել է կառուցել ՀՀԿ ցուցակի հենքի վրա:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենց նոր կարգախոսն է՝ «Մի հատ ՀՀԿ ցուցակը նայեք»: Ընդդիմադիրները պատրաստվում են նաև նախընտրական ծրագրերի ներկայացման փոխարեն առաջիկայում բնակչությանը մոտիկից ծանոթացնել ՀՀԿ ցուցակին:
ՀՀԿ ցուցակը ողջունել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որը ներառված մարդկանց անունների հանրայնացումը լուրջ խթան է համարել իրենց քարոզչության համար: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ ՀՀԿ ցուցակը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում ընդդիմությանը. «Նախ ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ դժգոհություններ ունեին մեր ցուցակից. տեսա՞ք ինչ ցուցակներ էլ են լինում: Բացի դրանից՝ այդ ցուցակի բովանդակությունը մանրամասն բացատրում է, թե ինչու ժողովուրդը պետք է ձայն տա «Ժառանգության»-ը»:
Civilnet










