Իտալիան Ֆրանսիային ու Գերմանիային հիշեցրել է ոչ վաղ անցյալի մեղքերը
Եվրոպական պարտքային ճգնաժամի խորացման մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև Ֆրանսիան և Գերմանիան, երեկ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, որն այս օրերին պաշտոնական այցով Ճապոնիայում է։ Իտալիայի վարչապետի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ Մոնտին բյուջետային խնայողության ֆրանս-գերմանական քաղաքականության հետևորդն ու աջակիցն է։
«Այս պատմությունը [պարտքային խնդիրները–խմբ.] սկիզբ է առել 2003թ., երբ եվրոն դեռ «երեխա» էր։ Բյուջետային դեֆիցիտի և պարտքերի ծավալի ամենաթողության կողմնակիցները գործնականում հենց Ֆրանսիան և Գերմանիան էին»,– հայտարարել է Մոնտին՝ նշելով, որ եթե «եվրոգոտու ծնողներն» էին խախտում կանոնները, ապա պետք չէր սպասել, որ դրանց անշեղորեն կհետևեր, օրինակ, Հունաստանը։
Մոնտին հիշեցրել է, որ 2003թ. Գերմանիան և Ֆրանսիան առաջինն են խախտել Կայունության և աճի պակտը, որը բյուջետային դեֆիցիտի առաստաղ էր սահմանում ՀՆԱ-ի 3%-ը։ Իտալացի Ռոմանո Պրոդիի գլխավորած Եվրահանձնաժողովն այդ ժամանակ առաջարկել էր տուգանել ԵՄ խոշորագույն երկու այս տնտեսություններին, սակայն ֆինանսների նախարարները դեմ էին քվեարկել, հիշեցրել է Մոնտին, որն այդ ժամանակ Եվրահանձնաժողովի անդամ էր։
Շարունակելով եվրոպական ճգնաժամի թեման՝ Մոնտին անդրադարձել է նաև Իսպանիայի պարտքային խնդիրներին՝ նշելով, որ Մադրիդը բյուջետային կոնսոլիդացիայի ճիշտ ուղու վրա է։ Համեմատության համար նշենք, որ առաջիկա երեք տարիներին պետքպարտքի ֆինանսավորման համար Իտալիային անհրաժեշտ է €750 մլրդ ներգրավել, Իսպանիային՝ մոտ €370 մլրդ։ Ներկայում Իտալիայի պետպարտքը ռեկորդային €1,9 տրլն է։
Իտալիայի վարչապետի՝ Ֆրանսիային և Գերմանիային ուղղված մեղադրական հայտարարությունը հետաքրքրական է այն առումով, որ Մոնտին Նիկոլա Սարկոզիի և Անգելա Մերկելի բյուջետային խնայողության քաղաքականության հետևորդն ու աջակիցն է։ Այդ քաղաքականությունը խիստ պատիժներ է նախատեսում բյուջեի դեֆիցիտի նախանշված մակարդակը գերազանցող բոլոր երկրների համար։ Հիշեցնենք, որ Մոնտին Եվրոպայի երրորդ խոշորագույն տնտեսության վարչապետ է դարձել 2011թ. նոյեմբերին, երբ երկիրն արդեն կուտակել էր պետպարտքի մեծը մասը։ n
Civilnet










