Ընդդիմությանը կոչ է անում ՀՀԿ-ն
Նախընտրական պայքարի շեմին իշանությունները հանդես են եկել կոչով՝ չմոռանալ, թե ով ում դեմ է այս ընտրություններում: Հանրապետականներն իրենց ընդդիմադիր գործընկերներին կոչ են արել սթափվել և կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա:
Վերջին շրջանում ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև ծագած հակասությունները լուրջ խանդ են առաջացրել մի շարք իշխանական կուսակցությունների մոտ, որոնք մոռացության մատնվելու զգուշավոր անհանգստություն են հնչեցնում:
«Մեզ համար զարմանալի և անհանգստացնող է, որ ընդդիմության՝ միմյանց դեմ պայքարի ընթացքում մի տեսակ ստվերվում է իշխանական կուսակցությունը»,– ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն: «Կոռեկտ չէ, երբ մեր ընդդիմադիր գործընկերները մեզ համար նախատեսված ցեխն ու մեղադրանքները վատնում են միմյանց վրա: Դա հակասում է ձևավորված ընտրապայքարի ավանդույթին և խափանում է մեր հակադարձելու պլանները»,– ասել է նա:
Հանրապետականներն անհանգստացած են այն հանգամանքով, որ ընդդիմությունը չափազանց արագ մոռացավ ՀՀԿ ցուցակի սրտակեղեք բովանդակությունը և անցավ միմյանց դեմ պայքարի:
«Հասկանալի է, ՀԱԿ-ին ավանդաբար դուր չի գալիս «Ժառանգություն»-ը և Րաֆֆիի աշխուժությունը քաղաքականության մեջ, բայց ախր... մեր ցուցակում Գեղամյանն ա, ալյո, հիշո՞ւմ եք նրան: Էլ չեմ ասում մյուս արտագաղթի դրդող ազգանունները՝ Բեգլարյան, Գրիգորյան և այլն: Այս չալաղաջ թեմաները թողած՝ ընդդիմությունը փորձում ա հասկանալ՝ Փաշինյանն ա չարիք, թե Րաֆֆին..., պարզապես չեմ հասկանում այդ մարդկանց»,– ասում է ՀՀԿ խոսնակը:
Քննադատություններին արդեն արձագանքել են ՀԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք իշխանությանը խորհուրդ են տալիս կենտրոնանալ իրենց միջիշխանական խնդիրների վրա: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պարզաբանել է իրավիճակը.
«Չեմ կարծում, որ ձևակերպումը կոռեկտ է. ՀԱԿ-ը՝ որպես Հայաստանի միակ ընդդիմադիր ուժ, ընդամենը պայքարում է ռեժիմի դեմ, ինչպես նաև ռեժիմի դեմ չպայքարող կամ անհամ ձևով պայքարող ուժերի դեմ»:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, Զուրաբյանն ասել է. «Այո, մասամբ լսել եմ, որ կա այդպիսի ուժ, բայց կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ եթե որևէ ուժ ՀԱԿ-ի հետ չէ, ուրեմն ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին»:
Վերլուծաբանները կարծում են, որ դեռ որոշ հավանականություն կա, որ ընդդիմությունը պայքարի որոշակի մաս ուղղի իշխանության դեմ, սակայն դրա համար կպահանջվի լուրջ քաղաքական կամք:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանում է միջընդդիմական պայքարը. «Ну смотрите, Րաֆֆի Հովհաննիսյանը իրական գլխացավ է մյուս ընդդիմադիր ուժերի համար, քանի որ ի տարբերություն նույն ՀՀԿ-ի՝ անսպասելի է և կարող է, օրինակ, ընտրարշավի վերջին օրը բարձրանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կտուրը և հացադուլ հայտարարի՝ դրանով ԶԼՄ-ների ամբողջ ուշադրությունը գրավելով իր կողմը: Դրա համար ՀԱԿ-ը ստիպված է այս գլխից չեզոքացնել նրան»:
«Ժառանգություն»-ը ևս խոստանում է արդեն մոտակա շաբաթներին շեշտը դնել իշխանության դեմ պայքարի վրա: «Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի դեմ պայքարից, բայց մոտակա շաբաթներին գուցեև հնարավոր լինի պայքարի մեջ ներգրավել նաև իշխանական ուժերի»,– ասել է «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Այդ ընթացքում «Օրինաց երկիր»-ը մտահոգություն է հնչեցրել, որ որևէ ուժ չի ցանկանում պայքարել կամ գոնե ցեխ լցնել այդ կուսակցության վրա: «Իրականում գոյություն չունի միջընդդիմական պայքար»,– նշել է ՕԵԿ քարտուղար Հեղինե Բիշարյանը: «Պարզապես ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը պայմանավորվել են անել այնպես, որ ամբողջ ուշադրությունը բերեն իրենց դաշտ՝ ՕԵԿ-ին փնովելու հաշվին: Սակայն չեմ կարծում, որ այդ տրյուկը կաշխատի, և վստահ եմ, որ վաղ թե ուշ կհայտնվեն ընդդիմադիր գործիչներ, որոնք կուզենան պայքարել մեր՝ «Օրինաց»-ի դեմ»,– ասել է նա:
Իշխանությունը ներկայում նույնպես կենտրոնացած է իշխանական գործընկերներին խորտակելու վրա, սակայն ապրիլի վերջին ակնկալվում է դասական պայքարի վերականգնում:
Civilnet











