Google-ն iOS-ի հաշվին ավելի շատ գումար է վաստակումGoogle որոնողական հսկան Android օպերացիոն համակարգով մեկ սարքավորման հաշվին տարեկան վաստակում է $1,7, ինչը 340 անգամ զիջում է Apple ընկերության՝ մեկ հեռախոսից կամ պլանշետից վաստակած գումարի ցուցանիշին։ Բացի այդ՝ Google-ը Apple-ի օպերացիոն համակարգով (iOS) սարքավորումներում բջջային գովազդից ավելի շատ գումար է վաստակում, քան սեփական՝ Android-ով գործողներից, հաշվարկել է Asymco ընկերության վերլուծաբան Հորաս Դեյդուն։
«Հասույթի տեսանկյունից՝ Android-ի բիզնեսը լիովին կայացած է։ Սակայն այլ հարթակների հետ համեմատելիս այն դեռ պիտի աճի ու աճի»,– նշում է վերլուծաբանը։
Դեյդուի գնահատմամբ՝ Apple-ը իր մեկ սարքավորումից տարեկան վաստակում է $576,3 գումար, ընդ որում՝ այս ցուցանիշը ներառում է միայն աքսեսուարների վաճառքից և առևտրային նշանների արտոնագրումից ստացված եկամուտները։ Այն չի ներառում App Store ինտերնետային խանութի միջոցով կատարված վաճառքների, iTunes երաժշտական ծառայության և iPhone-ի ու iPad-ի համար կոնտենտի վաճառքից ստացված եկամուտները։
Նշենք, որ Google-ի հասույթի գլխավոր աղբյուրը բջջային գովազդն է։ Հետաքրքրական է, որ այս շուկայում ընկերության եկամուտների առյուծի բաժինը հենց Apple-ի օպերացիոն համակարգով (iOS) գործող սարքավորումներինն է։ Google-ը iPhone-ում և iPad-ում բջջային գովազդի հաշվին տարեկան $8,33 է վաստակում, ինչը հինգ անգամ գերազանցում է սեփական Android համակարգով աշխատող սարքավորումներում գովազդից ստացված եկամուտը, պնդում է Դեյդուն։ Նրա համոզմամբ՝ Android-ի բիզնեսը «չի կարելի վատ անվանել, թեև հրաշալի ևս չես անվանի»։
Civilnet











