Պորտուգալիային լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրման անհրաժեշտության հեռանկարը լիովին իրական է, ուստի Եվրամիությունը պետք է պատրաստ լինի դեպքերի նման զարգացմանը, հայտարարել է ԵՄ տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Ռենի կարծիքով՝ եվրոպացի քաղաքական գործիչները խելամիտ կվարվեն, եթե հարթակ նախապատրաստեն Լիսաբոնին «կամուրջ» տրամադրելու համար, ինչը Պորտուգալիային հնարավորություն կտա հեշտությամբ հաղթահարել ֆինանսական շուկա վերադառնալու գործընթացը։ Եվրահանձնակատարը հրաժարվել է մանրամասնել օգնության տրամադրման պայմանները՝ հավելելով միայն, որ Պորտուգալիայում ստեղծված իրադրությունն ամեն դեպքում տարբեր է հունական ճգնաժամից։
Նշենք, որ օրերս միջազգային վարկատուների եռյակը՝ ԵՄ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպական կենտրոնական բանկը, համատեղ զեկույց էին հրապարակվել՝ նվիրված Լիսաբոն մեկնած հերթական առաքելության աշխատանքներին, որը պետք է գնահատեր Պորտուգալիայի՝ բյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը։ Զեկույցի համաձայն՝ երկիրը բավական հաջող է հաղթահարում տնտեսության բարեփոխման գործընթացը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Լիսաբոնը ֆինանսական շուկա կվերադառնա նախատեսված ժամկետներում, այն է՝ 2013թ․։ Ընդհանուր առմամբ, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են, որ կառույցը անհրաժեշտ չի համարում Լիսաբոնին օգնության երկրորդ փաթեթի տրամադրումը։ «Եվրահանձնաժողովը կարծում է, որ Պորտուգալիայի իշխանությունների կողմից իրականացվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ծրագիրը բավարար կլինի։ Կկարողանա՞ արդյոք Լիսաբոնը սրանում համոզել ֆինանսական շուկաներին․ սա արդեն այլ հարց է»,- պարզաբանել է Եվրահանձնաժողովի տնտեսագետներից մեկը։
Հիշեցնենք, որ անցած տարի երկիրը միջազգային վարկատուներից €78 մլրդ-ի եռամյա վարկ էր ստացել։ Պորտուգալիան հարկադրված էր դիմել եռյակի արտակարգ օգնությանը փոխառությունների չափազանց բարձր արժեքի պատճառով, որը երկիրը բառացիորեն կտրել էր ֆինանսական շուկաներից։ Այժմ ներդրողները նախկինի պես մտավախություն ունեն, որ Լիսաբոնը կկրկնի Հունաստանի սցենարը՝ հաշվի առնելով երկրի պետպարտքի բարձր մակարդակը և տնտեսության դանդաղ աճի պայմաններում այն մարելու քիչ շանսերը։
Civilnet











