Գլխավոր Լրահոս

Շատ մեծ պրոտեկցիոնի՞զմ

Շատ մեծ պրոտեկցիոնի՞զմ

Կամ ինչու է Եվրոպան խստացնում օդանավերի ելումուտը

Եվրոպական Միության և նրա առևտրային մի քանի հիմնական գործընկերների միջև նոր տարաձայնություն է ծագել այն բանից հետո, երբ ԵՄ-ն որոշեց ածխաթթու գազի արտանետումների վերահսկման իր սխեմայում ներառել դեպի ԵՄ տարածք և հակառակ ուղղությամբ իրականացվող բոլոր, այդ թվում՝ միջմայրցամաքային թռիչքները: Ըստ այդ սխեմայի՝ ավիաուղիները պետք է թույլտվություն ստանան իրենց թռիչքների հետևանքով առաջացող արտանետումների համար:

Չինաստանը և Միացյալ Նահանգները խիստ դժգոհ են: Չինական ավիաընկերությունները հետաձգել են եվրոպական արտադրության օդանավեր գնելու պատվերները: Ինքնաթիռներ արտադրող Airbus ընկերության և եվրոպական խոշոր ավիաընկերությունների ղեկավարները եվրոպացի առաջնորդներին հորդորել են օգնել՝ լուծելու այդ խնդիրը: Այժմ արդեն խոսվում է առևտրային նոր պատերազմի մասին:

Այս վեճի կարևորությունն այն է, որ փաստորեն առաջին անգամ կլիմայի և առևտրի շուրջ մոտեցումներն իրար են բախվում: Կարևորությունն արտահայտվում է նաև նրանով, որ նոր են խնդրի դրդապատճառներն ու փաստարկները, և կասկածներ կան, որ դրանց հետևում այլ նպատակներ կան, որոնք ոչ պակաս կարևոր են, քան այն, ինչի մասին հայտարարվում է հրապարակավ:

Գուցե տարօրինակ թվա, սակայն ԵՄ-ն իրեն համընդհանուր բարօրության առաջամարտիկ է համարում: Ինչո՞ւ է երկրների մի խումբ, որին բաժին է ընկնում գլոբալ արտանետումների ընդամենը 12%-ը (և այն միտված է արագորեն նվազել), ձգտում է գլոբալ առաջնորդի դեր ստանձնել այս հարցում՝ հակառակ ԱՄՆ-ի անգործության և զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրների՝ արտանետումների կրճատումը պարտավորվելուց խուսափելու:

Արտանետումների հարցում ԵՄ դիրքորոշումը մասամբ արտացոլում է եվրոպական հանրային կարծիքի նախապատվությունները: Մասամբ այն ներքին քաղաքականության արդյունք է, այն է՝ արտանետումների կրճատման իր քաղաքականությամբ ԵՄ-ն կկարողանա ամրապնդել ազդեցությունն անդամ երկրների վրա: Մասամբ ԵՄ-ն հույս ունի, որ արտանետումների հարցում արագ առաջ շարժվելով, Եվրոպան համեմատական առավելություն կստանա էկոլոգիական տեխնոլոգիաների ոլորտում:

Եվրոպայի տեսանկյունից դժվար է համաձայնել, որ ԵՄ առևտրային գործընկերների արձագանքը տեղին է: Ի վերջո, կանխարգելիչ այս միջոցը խտրականություն չի դնում. բոլոր ավիաընկերությունների հետ նույն կերպ են վարվում: Թեև այս հարցում ընտրության հնարավորություն չկա, սակայն առկայության դեպում ընտրությունը կլիներ հետևյալը. անբարենպաստ պայմաններ ստեղծել եվրոպական ավիաուղիների համար և արտանետումների թույլտվություն ձեռք բերելուց ազատել ոլորտ, որի մասնաբաժինը ԵՄ տարածքում ածխաթթու գազի արտանետումների ընդհանուր ծավալում 1990թ. 1,8%-ից աճել և 2007թ. դարձել է 3,5%: Յուրաքանչյուր ոք, ով ընդունում է, որ գլոբալ տաքացումն իրական սպառնալիք է, պետք է լրջորեն վերաբերվի ԵՄ փաստարկներին:ԵՄ առևտրային գործընկերները մի քանի հիմնավոր փաստարկներ են բերում: Դրանցից մեկն այն է, որ մեծ մասամբ ԵՄ սահմաններից դուրս իրականացվող թռիչքների համար պահանջվող արտանետումների թույլտվությունների վաճառքից ստացված գումարը չպետք է ԵՄ-ին բաժին հասնի, թեև դա կլինի համեմատաբար պարզ խնդիր, որի շուրջ բանակցողները կկարողանան համաձայնության գալ:

Մյուս փաստարկն այն է, որ ԵՄ սխեման տարընկալումներ կառաջացնի հօգուտ ներկա գործընկերների (որոնց արտանետումների թույլտվություններն անվճար կտրամադրվեն) և տարանցիկ թռիչքների (քանի որ միայն դեպի ԵՄ կամ հակառակ ուղղությամբ կատարվող թռիչքը կհարկվի): Սա նույնպես ճիշտ է, սակայն անորոշությունը կվերացվի, եթե գործընկեր երկրներն ընդունեն նույն սխեման:

Վերջապես, ԵՄ սխեմայի հակառակորդները պնդում են, որ զարգացած երկրների համեմատ զարգացող երկրները պետք է պակաս ներդրում ունենան ածխաթթու գազի արտանետումների կրճատման գործում, քանի որ նրանք շատ ավելի քիչ են նպաստել ջերմոցային գազերի ներկա ծավալների առաջացմանը: Սակայն արտանետումների չափերի թույլտվություններ սահմանելու շուրջ բանակցությունների միջոցով այս խնդիրը հեշտ կարելի է լուծել: Իրականում ԵՄ-ն բացահայտ գործում է բազմակողմ բանակցությունների միջոցով խնդրի շուրջ գլոբալ համաձայնության գալու օգտին՝ որպես խնդրի լուծման լավագույն տարբերակ:Եվրոպայի որոշման դեմ ամենակարևորը թաքնված քաղաքական նպատակների մասին փաստարկն է: ԵՄ առևտրային գործընկերները չեն ցանկանում, որ ԵՄ-ն իրենց նկատմամբ առավելություններ ստանա, քանի որ կասկածում են, որ հետագայում կլիմայի փոփոխության հարցը պրոտեկցիոնիզմի պատրվակ կդառնա: Անկասկած, կլիմայի փոփոխությունը շատ առումներով այն կատարյալ հենքն է, որին երկար ժամանակ ձգտել են հասնել ազատ առևտրի հակառակորդները, և իրական վտանգ կա, որ այն կչարաշահվի:

Այնպես որ՝ շրջահայացությունն այստեղ լիովին արդարացված է: Սակայն կլիմայի հարցում տարբեր երկրների՝ միասնական քաղաքականության բացակայությունից բխող խնդիրներն իրական են: Դրանք ի հայտ են գալիս, երբ աշխարհի ինչ-որ մասում հարկվում են ներքին արտանետումերը (նաև այն ժամանակ, երբ քվոտաներ են սահմանվում), քանի որ տեղական արտադրողներն այդ դեպքում պնդում են, որ միջազգային առևտրում իրենք անբարենպաստ պայմաններում են հայտնվում:

Ավելին՝ ենթադրյալ պրոտեկցիոնիստական ծրագրերի պատճառով Եվրոպայի փաստարկներն առանց վարանելու մերժելու դեպքում նույնպես ռիսկեր են մնում: Եթե եվրոպական հանրությունը վեճն ընկալի որպես ազատ առևտրի և շրջակա միջավայրի միջև ծագած խնդիր, ապա ազատ առևտուրը հավանաբար տանուլ կտա:

Եվրոպայի գործընկերները չպետք է կարծեն, որ առևտուրն ինքնաբերաբար առավելություն է ստանում կլիմային առնչվող խնդիրների նկատմամբ: Փոխարենը նրանք պետք է հանրության ուշադրությունն ուղղորդեն հիմնավոր փաստարկների վրա: Օրինակ՝ զարգացած երկրների համար առավել հեշտ է արտանետումները կրճատել առանց որևէ ջանք գործադրելու՝ պարզապես արտանետումներ առաջացնող ապրանքների արտադրությունը տեղափոխելով զարգացող և հետամնաց երկրներ: Այս կերպ նրանք կարող են բավարարել ամենախիստ նորմերը՝ առանց կրճատելու ածխաթթու գազի արտանետում ենթադրող իրենց սպառումը:

Գլոբալ տնտեսության համար «առևտուր, թե կլիմա» վեճը չափազանց կարևոր է: Եվրոպայում օդային տրանսպորտի հարկը հնարավորություն է տալիս այս հարկատեսակի գանձումն սկսել կոնկրետ և ռացիոնալ ձևով: Սա հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում