Գլխավոր Լրահոս

Բայդենը ստանձնում է նախագահի լիազորությունները․ ինչ փոփոխություններ սպասել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում

Բայդենը ստանձնում է նախագահի լիազորությունները․ ինչ փոփոխություններ սպասել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում

Այսօր Միացյալ Նահանգներում տեղի է ունենում ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Այն էականորեն տարբերվում է նախորդ բազմաթիվ նմանատիպ արարողություններից։ Երդմնակալությանը չի մասնակցում նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը լուրջ հարված է ԱՄՆ-ում իշխանության բացառապես ժողովրդավարական փոխանցման մեխանիզմների մասին ողջ աշխարհում լայնորեն տարածված պատկերացումներին։ Նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ 2020 թ. նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են, և Բայդենը օրինական նախագահ չէ։

Բայդենի երդմնակալությունը ստվերվում է նաև 2021 թ. հունվարի 6-ին ամերիկյան Կապիտոլիումի վրա ցուցարարների հարձակման փաստով, որը մի քանի մարդու մահվան պատճառ դարձավ։ Արարարողության անվտանգության ապահովման նպատակով մոբիլազացվել են ուժային կառույցների շուրջ 25 000 ներկայացուցիչներ, իսկ մասնակիցների թիվն էականորեն սահմանափակված է կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Չնայած նշված հանգամանքներին, աշխարհի գրեթե բոլոր պետություններում մեծ ուշադրությամբ են հետևելու նոր նախագահի երդմնակալությանը՝ փորձելով հասկանալ, թե Նախագահ Բայդենը ինչ փոփոխություններ կբերի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում։ Նախագահ Թրամփի չորսամյա կառավարմանը բնորոշ գծերից էին կոշտ պայքարը Չինաստանի դեմ և Մերձավոր Արևելքում Իսրայելի և արաբական մի շարք պետությունների միջև հարաբերությունների նորմալացմանը միտված ջանքերը։ Դրան զուգահեռ Թրամփը Իրանի նկատմամբ իրականացնում էր «մաքսիմալ ճնշման» քաղաքականություն, որոշակի վերապահումներմ ուներ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում դաշինքների դերի և նշանակության վերաբերյալ և վարում էր պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականություն։ Ռուսաստանի նկատմամբ 2017-2020 թթ. ԱՄՆ-ի քաղաքականությունը երկիմաստ էր, մի կողմից Թրամփը հայտարարում էր Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, մյուս կողմից այս տարիներին Մոսկվայի նկատմամբ կիրառվեցին նոր պատժամիջոցներ, էականորեն կրճատվեց ԱՄՆ-ում գործող ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների և դիվանագետների քանակը, Ուկրաինային և Վրաստանին մատակարարվեցին մի շարք զինատեսակներ։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը վերջին չորս տարիներին բնորոշ էր երկրագնդի տարբեր հատվածներում ամերիկյան ներգրավվածության նվազումը, և այս միտումը առկա էր նաև Հարավային Կովկասում։ ԱՄՆ-ը շարունակում էր Վրաստանի հետ իր ռազմավարական գործակցությունը, որի մեկնարկը տրվել էր 2009 թ. հունվարին համապատասխան խարտիայի ստորագրմամբ, ինչպես նաև «Հարավային գազային միջանցքին» ցուցաբերվող աջակցությունը։ Սակայն ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը կարծես թե հաշտվել էր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի աստիճանաբար աճող ակտիվության փաստի հետ։ Ամերիկյան այս քաղաքականության վկայությունն էր, թերևս, 2020 թ. արցախյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի ցուցաբերած պասիվությունը։ Իհարկե, նախագահ Թրամփը միացավ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների 2020 թ. հոկտեմբերի մեկի հայտարարությանը և 2020 թ. հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ը Վաշինգտոնում կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն դրանք ավելի շատ «քայլեր հանուն քայլերի» տպավորություն էին թողնում և որևէ ազդեցություն չունեցան դեպքերի ընթացքի վրա։

Բայդենի վարչակազմն արդեն հայտարարել է Չինաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության շարունակման մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, կարծես թե ավելանալու է ճնշումը Ռուսաստանի հանդեպ։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում նշանակությամբ երրորդ պաշտոնը զբաղեցնելու է Վիկտորիա Նուլանդը, որը հայտնի է 2014 թ. ձմռանը Կիևում ցուցարարներին քաղցրավենիք բաժանելով։ Նուլանդը ամերիկյան ազդեցիկ Foreign Affairs պարբերականի 2020 թ. հուլիս – օգոստոս համարում հրապարակել է ծրագրային հոդված Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ապագա քաղաքականության վերաբերյալ։ Նուլանդը նշում է, որ ԱՄՆ-ը պետք է վերականգնի ժողովրդավար դաշնակիցների հետ հարաբերությունները, ամրապնդի սեփական ուժերը և ուժեղի դիրքից Նախագահ Պուտինին հարաբերությունների վերականգնման առաջարկ ներկայացնի։

Դա ենթադրում է Ռուսաստանի հեռացում Ուկրաինայի հարավարևելյան շրջաններից, բայց ոչ Ղրիմից, համագործակցություն ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերին առնչվող խնդիրներում, ինչպես նաև քայլերի ձեռնարկում Սիրիայում Իրանի ազդեցության սահմանափակման և միջնաժամկետ հեռանկարում Նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու գործում։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Ռուսաստանին պետք է առաջարկեն 2014 թ. սահմանված պատժամիջոցների մեծ մասի չեղարկում, որոշ ապրանքների համար մաքսատուրքերի վերացում, համատեղ ներդրումային ֆոնդերի և ազատ առևտրի գոտիների ստեղծում։ Դրանք հնարավորություն կտան նվազեցնել Ռուսաստանի աճող տնտեսական կախվածությունը Չինաստանից, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ Կրեմլի կողմից այս առաջարկն ընդունելու համար։

Ամենայն հավանականությամբ Բայդենի նոր վարչակազմը պաշտոնավարման առաջին ամիսներին քայլեր կձեռնարկի Չինաստանի և Ռուսաստանի դեմ ժողովրդավարական պետությունների դաշինք ձևավորելու համար։ Մեծ Բրիտանիան արդեն հանդես է եկել 2021 թ. աշխարհի առաջատար ժողովրդավար 10 պետությունների գագաթնաժողով անցկացնելու առաջարկությամբ, որին բացի Մեծ յոթնյակի պետություններից, պետք է մասնակցեն նաև Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ավստրալիան։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն արդեն հայտարարել է, որ 2021 թ. Մեծ Բրիտանիայում նախատեսված Մեծ յոթնյակի հերթական հանդիպմանը մտադիր է հրավիրել նաև նշված երեք պետությունների ղեկավարներին։ Միևնույն ժամանակ երկարաժամկետ առումով ԱՄՆ-ի ռազմավարական մրցակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, ուստի ամենայն հավանականությամբ 2021 թ. երկրորդ կեսին Վաշինգտոնը կփորձի ուժեղի դիրքերից բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ ամերիկյան պայմաններով հարաբերությունների կարգավորման նպատակով։

Նշված զարգացումները վկայում են, որ առնվազն Բայդենի վարչակազմի առաջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը դժվար թե էականորեն ավելացնի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրը ուկրաինական հակամարտության կարգավորումն է։ ԱՄՆ-ը հասկանում է, որ Ղրիմի ներկայիս կարգավիճակը տեսանելի ապագայում կպահպանվի, ուստի շեշտը դնելու է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից Ռուսասստանի դուրս մղման և այնտեղ Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման վրա։ Դժվար է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հնարավոր բանակցություններում Հարավային Կովկասը, և առավել ևս, արցախյան հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ձևավորված նոր ստատուս քվոն որևէ նշանակալի դեր են խաղալու։ Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Հարավային Կովկասը որոշ ժամանակ կշարունակի մնալ ռուս-թուրքական համատեղ ազդեցության գոտի։

Իրավիճակը կարող է փոխվել, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացի փորձերն ավարտվեն անհաջողությամբ։ Այդ դեպքում հնարավոր է 2022 թ. ընթացքում ԱՄՆ-ի կողմից հետխորհրդային ամբողջ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի էական թուլացմանը միտված ակտիվ քաղաքականության որդեգրում, ինչը կընդգրկի նաև Հարավային Կովկասը։ Դա կարող է նշանակել քայլերի ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ռուսական ազդեցությունը նվազեցնելու, ինչպես նաև պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ չանցած Արցախի տարածքներում Ռուսաստանի վերահսկողությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, այստեղ ԱՄՆ-ի հիմնական դաշնակից կարող է հադես գալ հետԷրդողանական Թուրքիան, եթե իհարկե Էրդողանը պարտվի 2023 թ. նախատեսված նախագահական ընտրություններում, կամ ավելի շուտ լքի նախագահի պաշտոնն այս կամ այն տարբերակով։ Ամեն դեպքում, նմանատիպ զարգացումներ կարող են սկսվել ոչ շուտ, քան 2022 թ. երկրորդ կեսը, և դրանք ևս Հայաստանի համար դրական փոփոխությունների հույսեր չեն արթնացնում։ Այս քաղաքականության հաջողությունը կհանգեցնի Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության էլ ավելի մեծացմանը, իսկ անկախ ղեկավարի ազգանունից, դեռևս շատ երկար ժամանակ Թուրքիայի ռազմավարական նպատակը լինելու է Հայաստանի հնարավորինս թուլացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում