Հարցման համաձայն՝ աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերի ոսկեարժութային պահուստների կառավարման գծով մենեջերները «շրջանցում» են եվրոյով նոմինացված ակտիվները։ Նրանք նաև կասկածի տակ են առնում եվրոյի՝ ներդրողների համար «խաղաղ հանգրվան»-ի կարգավիճակը։
Կենտրոնական բանկերը, սովորաբար լինելով ամենապահպանողական ներդրողներից մեկը, իրենց պահուստների հիմնական մասը պահում են ԱՄՆ-ի դոլարով և եվրոյով նոմինացված բարձրորակ ակտիվներում (օրինակ՝ պետական պարտատոմսերում)։ Մյուս կողմից՝ դոլարային ակտիվները (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի պարտատոմսերը) ավանդաբար գլխավոր տեղն են զբաղեցրել կենտրոնական բանկերի պահուստներում, իսկ եվրոյով նոմինացված ակտիվների դերը վերջին տարիներին աճել է։
Սակայն 54 կենտրոնական բանկերի մենեջերների շրջանում անցկացված հարցումը վկայում է, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամը հանգեցրել է այս միտման փոփոխությանը։ Հարցման մասնակիցները մոտ 75%-ի կարծիքով՝ եվրոյի ճգնաժամը լրջորեն ազդել պահուստների կառավարման նրանց ռազմավարության վրա։ Հարցվածների ավելի քան 1/3-ը հայտարարել է, որ ճգնաժամը սպառնում է եվրոյի՝ պահուստային արժույթի կարգավիճակին։ Հարցման մասնակիցների 29%-ը նշել է, որ ճգնաժամը կրճատել է եվրոյով կատարվող ներդրումները վերջին 12 ամսում։ Մյուս կողմից՝ հարցման մասնակիցների 8%-ը միանգամայն հակառակ կարծիքի է։
CBP-ի հարցման արդյունքները հաստատում են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, գրում է The Financial Times-ը։ ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկի համաձայն՝ կենտրոնական բանկերը կրճատել են իրենց պահուստներում եվրոյի մասնաբաժինը 2011թ. 2-րդ եռամսյակի 26,7%-ից մինչև 25% (2011թ․ վերջ)։ Դոլարի համապատասխան ցուցանիշն այս ընթացքում 60,5%-ից աճել է մինչև 62,1%։
Civilnet











