Վարկանիշի համաձայն` անցած տարի ExxonMobil-ը, Chevron-ը և ConocoPhillips-ը ԱՄՆ-ի բյուջե են վճարել համապատասխանաբար $27,3 մլրդ, $17,4 մլրդ և $10,6 մլրդ հարկ։ Վարկանիշի 4-րդ հորիզոնականում է հայտնվել JP Morgan Chase բանկը՝ $8,2 մլրդ ցուցանիշով, իսկ 5-րդ «պարտաճանաչ» հարկատու է ճանաչվել մանրածախ առևտրի Wal-Mart ցանցը՝ $5,9 մլրդ ցուցանիշով։
ԱՄՆ-ի խոշորագույն հարկատուների լավագույն տասնյակի երկրորդ հնգյակում համապատասխանաբար հայտնվել են Microsoft-ը ($5,3 մլրդ), Wells Fargo բանկը ($4,9 մլրդ), IBM տեխնոլոգիական ընկերությունը ($4,2 մլրդ), Apple-ը ($4 մլրդ) և գունավոր մետաղներ արդյունահանող Freeport-McMoRan Copper & Gold-ը ($3,4 մլրդ):
Միացյալ Նահանգների 25 խոշորագույն հարկատուների ցուցակում Forbes-ը ներառել է նաև հայտնի այլ բանկեր և ապահովագրական ընկերություններ, տեխնոլոգիական կորպորացիաներ (այդ թվում՝ Intel-ը), դեղամիջոցներ (Pfizer և UnitedHealth Group), կոսմետիկա և հիգիենայի պարագաներ արտադրող ընկերություններ (Johnson&Johnson, Procter&Gamble): Վարկանիշի վերջին՝ 25-րդ տեղում է հայտնվել արագ սննդի սպասարկման McDonald's ցանցը, որը մեկ տարում $2,1 մլրդ հարկ է վճարել։
Վարկանիշի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ցուցակում չեն հայտնվել մի շարք ընկերություններ, որոնց երկամուտները գերազանցում են հիմնական հարկատուների վաստակած գումարները։ Օրինակ՝ խոշոր ավտոարտադրողներ Ford-ը և General Motors-ը, որոնց տարեկան հասույթը կազմել է $20 մլրդ և $9 մլրդ համապատասխանաբար, վճարել են ընդամենը $270 մլն և $570 մլն հարկ, ինչը հանդեսը պայմանավորում է ընկերությունների՝ նախորդ տարի կրած զգալի վնասներով։
Նշենք, որ 2012թ. մարտին Chevron-ի ղեկավար Ջոն Ուոսթոնը քննադատել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, այդ թվում՝ նավթ արդյունահանող ընկերությունների նկատմամբ հարկերի կանոնավոր բարձրացման նրա քաղաքականությունը։ Ավելի վաղ Օբաման առաջարկել էր նավթային ընկերությունների աշխատակիցներին զրկել հարկային արտոնությունների մի մասից, ինչպես նաև մեծացնել նրանցից գանձվող եկամտահարկի ծավալը։
Civilnet











