Գլխավոր Լրահոս

Հարստության տարհաշվումը. Ճի՞շտ է արդյոք կենսամակարդակի չափումը ՀՆԱ-ով

Հարստության տարհաշվումը. Ճի՞շտ է արդյոք կենսամակարդակի չափումը ՀՆԱ-ով

Հանձնաժողովի զեկույցը «տնտեսապես ինքնաբավ մոլորակի, արդար հասարակության և աճող տնտեսության» տեսլական է: Այն ներառում է նաև այդ նպատակը կյանքի կոչելու քաղաքականության վերաբերյալ 56 հանձնարարական: Զեկույցը, անկասկած, համաշխարհային տնտեսությունն արմատապես վերափոխելու մասին միջազգային մակարդակով երբևէ արված ամենահայտնի կոչն է:
Չնայած իր ողջ հարուստ բովանդակությանը՝ զեկույցում քիչ են կոնկրետ, գործնական լուծումները: Զեկույցի ամենաարժեքավոր կարճաժամկետ հանձնարարականը, այն է՝ զարգացման ներկա ցուցիչները (ՀՆԱ-ն կամ դրա տարբերակները) հարստության չափման ավելի համընդգրկուն, ավելի ներառական համակարգով փոխարինումը, կարծես ավելացում է մյուս հանձնարարականներին՝ գրեթե որպես ուշացած միտք: Եթե միջազգային մակարդակով արագ և վճռորոշ գործողություններ չիրականացվեն ստատուս քվոյի նկատմամբ տնտեսական ինքնաբավությունն առաջնահերթություն դարձնելու ուղղութամբ, վտանգ կա, որ զեկույցը կարող է արժանանալ իր նախորդի՝ 1987թ. առաջին անգամ պատրաստված «Բրունդտլենդ զեկույց»-ի ճակատագրին, որը ներմուծեց տնտեսական ինքնաբավության հայեցակարգը, նույն կերպ համաշխարհային տնտեսական նոր մոդելի անցնելու կոչ արեց, իսկ հետո անտեսվեց։
«Ճկուն մարդիկ, ճկուն մոլորակ» զեկույցն սկսվում է Չառլզ Դիքենսի խոսքով. աշխարհն այսօր «լավագույն և վատագույն ժամանակների է ականատես լինում»։ Ընդհանուր առմամբ մարդկությունն աննախադեպ բարգավաճել է, գլոբալ աղքատությունը կրճատելու ուղղությամբ մեծ քայլեր են ձեռնարկվում, իսկ տեխնոլոգիայի ոլորտի առաջխաղացումները հեղափոխում են մեր կյանքը՝ վերացնելով հիվանդություններ և փոխակերպելով հաղորդակցությունը։

Մյուս կողմից՝ անհավասարությունն անզիջում կերպով բարձր է մնում և աճում է շատ երկրներում։ Քաղաքական և տնտեսական կարճաժամկետ ռազմավարությունն առաջ է բերում կոնսյումերիզմ և նպաստում պարտքի գոյացմանը, ինչը բնակչության գլոբալ աճի հետ միասին (ակնկալվում է, որ 2040թ. այն կհասնի 9 միլիարդի) շրջակա միջավայրն աճող սթրեսի է ենթարկում։ Հանձնաժողովը նշում է, որ 2030թ. «աշխարհում նվազագույնը սննդի 50%–ով, էներգիայի 45%–ով և ջրի 30%– ով ավելի մեծ պահանջարկ կլինի, և այս ամենը՝ այն ժամանակ, երբ բնապահպանական սահմանափակումները սպառնալիք են առաջարկի համար»։ Չնայած վերջին 25 տարիներին գրանցված զգալի առաջխաղացումներին՝ մարդկությունը չի կարողացել խնայողաբար օգտագործել բնական պաշարները, պահպանել էկոհամակարգերը կամ այլ խոսքով՝ ապահովել իր իսկ երկարաժամկետ կենսունակությունը։

Կարո՞ղ է արդյոք բյուրոկրատական զեկույցը, անկախ այն բանից, թե որքան ազդեցիկ է այն, ինչ-որ բան փոխել։ Արդյոք աշխարհը, ի տարբերություն 1987թ., այժմ կհետևի՞ Հանձնաժողովի կոչին և ի մի կգա՝ «փոխակերպելու համաշխարհային տնտեսությունը»։ Իրականում, թերևս, հենց ճգնաժամի արդյունքում են իրական քայլեր ձեռնարկվում։ Ինչպես Հանձնաժողովն է նշում, երբեք ավելի պարզ չի եղել, քան հիմա, որ իսկական համաշխարհային ինքնաբավ տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է փոխել համաշխարհային տնտեսության մոդելը։

Սակայն ո՞վ կհամակարգի միջազգային մի գործընթաց, որի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է խրախուսել այս անցումը, և ո՞վ հոգ կտանի, որպեսզի գիտական ուսումնասիրությունների արդյունքները հանգեցնեն հանրային քաղաքականության էական գործընթացների։

Նախևառաջ՝ այս խնդիրներին ամբողջական լուծում տալու համար զգալի ջանքեր պետք է գործադրվեն միջազգային և միջդիսցիպլինար հետազոտությունների ոլորտում. միջազգային գիտական հանձնաժողով ստեղծելու՝ Հանձնաժողովի հանձնարարականը, հետևաբար, ճիշտ ուղղությամբ կատարվելիք քայլ է։ Սակայն այդպիսի մարմին ստեղծելու համար ժամանակ կպահանջվի, և մարտահրավերն այստեղ քաղաքական ուղեգիծը մշակողներին գիտական լավագույն ուսումնասիրությունների արդյունքներն արագ տրամադրելն է։

Տնտեսական ցուցանիշների չափման և սոցիալական առաջընթացի մասին Հանձնաժողովի 2010թ. զեկույցը, որը հանձնարարել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, կրկին արտացոլեց հասարակագետների շրջանում առկա համաձայնությունը, որ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը առաջընթացի չափման չափանիշ օգտագործելով՝ մենք սխալ ենք չափում մեր կենսամակարդակը։ Նոր ցուցիչներ են հարկավոր, որոնք մեզ կասեն, թե արդյոք ոչնչացնո՞ւմ ենք մեր բարեկեցությանն օժանդակող արտադրական բազան։

Միացյալ ազգերի համալսարանի «Միջազգային մարդկային գործունեության ծրագիր»-ը (ՄԱՀ–ՄՄԳԾ) արդեն աշխատանքներ է իրականացնում՝ գտնելու այդ ցուցիչներն իր «Ներառական հարստության մասին զեկույց»-ի համար, որն առաջարկում է տնտեսական ինքնաբավության ապահովմանը հասնելու մի մոտեցում՝ հիմնված բնական, արտադրված, մարդկային և սոցիալական կապիտալի վրա։ ՄԱՀ–ՄՄԳԾ-ն «Ներառական հարստության մասին զեկույց»-ը պատրաստել է ՄԱԿ–ի «Շրջակա միջավայրի պահպանության ծրագրի» աջակցությամբ, որպեսզի ըստ երկրների ստանա հարստության տարբեր բաղադրիչների մասին բազմակողմանի վերլուծություն, այդ բաղադրիչների կապը տնտեսական զարգացման և մարդկանց բարեկեցության հետ, ինչպես նաև այն քաղաքականության հետ, որը հիմնված է այս ակտիվների սոցիալական կառավարման վրա։

Առաջին «Ներառական հարստության մասին զեկույց»-ը, որի ուշադրության կենտրոնում են աշխարհի 20 երկրներ, պաշտոնապես կհրապարակվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Rio+20 համաժողովի ժամանակ։ Նախնական արդյունքները կներկայացվեն մարտի վերջին (ենթադրում եմ, որ նկատի ունի հաջորդ տարի) Լոնդոնում անցկացվելիք «Մոլորակը ճնշման տակ» խորագրով համաժողովում:
Գլոբալ տնտեսական մոդելը փոխակերպելու գործում «Ներառական հարստության մասին զեկույց»-ը առաջին խիստ անհրաժեշտ քայլն է, որը մեզ հնարավորություն է ընձեռում ունենալ ճիշտ տեղեկություն, որով կգնահատենք մեր տնտեսական զարգացումն ու բարեկեցությունը և կվերագնահատենք մեր կարիքներն ու նպատակները: Թեև այն չի համարվում տնտեսական ինքնաբավության համընդհանուր ցուցիչ, զեկույցը շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական և տնտեսական դաշտերի բազմաթիվ շահագրգիռ ներկայացուցիչների հետ երկխոսության շրջանակ է առաջարկում:

Իրադրությունը շատ վճռորոշ է: Ինչպես միանգամայն տեղին նշվում է «Ճկուն մարդիկ, ճկուն մոլորակ» զեկույցում, «լուսանցքներում աննշան փոփոխություններ կատարելն» այլևս բավական չի լինի, ինչը նախազգուշացում է նրանց համար, ովքեր հույս ունեն, որ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները և էկոլոգիապես անվնաս տնտեսությունը կլուծեն մեր խնդիրները: Հանձնաժողովը թարմացրել է համաշխարհային տնտեսական համակարգում հեռահար փոփոխությունների մասին կոչը: Այս անգամ մեր խնդիրն է խոսքը գործ դարձնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում