Հոնգ Կոնգի ֆոնդային բորսան (Hong Kong Exchanges & Clearing, HKEx) բիզնեսի դիվերսիֆիկացման նպատակով մտադիր է գնել Լոնդոնի մետաղների բորսան (London Metal Exchange, LME)։
Կարճաժամկետ հեռանկարում գործարքը հազիվ թե համախմբված արդյունք ստեղծի կամ էլ շահույթ ապահովի, զգուշացնում են փորձագետները։
Նախօրեին HKEx-ը հայտարարել է LME-ն գնելու մտադրության մասին։ Այս, ինչպես նաև գործարքի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ գտնելու հարցն ընկերության տնօրենների խորհուրդը կքննարկի մոտ օրերս։ LME-ի գնման հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է։ LME-ն արդեն ստացել է CME Group-ի, NYSE Euronext-ի և Intercontinental Exchange-ի նախնական հայտերը, հաղորդում է Bloomberg-ը։
135-ամյա LME-ին արդյունաբերական մետաղների գլոբալ շուկայում բաժին է ընկնում գործարքների մոտ 80%-ը։ 2011թ. բորսայի տարեկան շրջանառությունը կազմել է $15,4 տրլն։ LME-ն առևտրային այն եզակի հարթակներից է, որ պատկանում է իր անդամներին։ Անցած շաբաթ բորսայի բաժնետերերի շարքը համալրել է չինական առաջին ներդրողը՝ Bank of China-ն։ LME-ն ներկայում դիտարկում է նաև յուանով գործարքներ կատարելու հնարավորությունը։
2011թ. դեկտեմբերին LME-ն հայտարարել էր, թե դիտարկում է ինչպես անկախ ընկերություն մնալու, այնպես էլ ավելի խոշոր բիզնեսի ստորաբաժանում լինելու հեռանկարը։
LME-ի կլանումը Հոնգ Կոնգի բորսային թույլ կտա միջազգային էքսպանսիա սկսել։ 2011թ. սկզբին HKEx-ի զուտ շահույթն աճել է 1%-ով։ IPO-ի շուկայում այժմ հարաբերական անդորր է, և հույսը, որ մոտ ապագայում Հոնգ Կոնգում կվերականգնվեն չինական բանկերի մինչճգնաժամային IPO-ի ծավալները, փոքր է, գրում է Bloomberg-ը։
Տարեսկզբին HKEx-ը հայտարարեց, որ մտադիր է դիվերսիֆիկացնել բիզնեսը հումքային ապրանքների շուկային հաշվին։ Նշենք, որ $17,3 մլրդ կապիտալիզացիայով HKEx-ը համաշխարհային երկրորդ խոշոր հարթակն է և զիջում է միայն ամերիկյան CME Group-ին, որը գնահատվում է $17,8 մլրդ։
Ըստ Reuters-ի՝ LME-ն գնահատվում է 500 մլն-ից մինչև 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգ ($783 մլն-ից մինչև $2,4 մլրդ)։ Գործարքը ֆինանսավորելու համար HKEx-ը փորձում է $3 մլրդ-ի վարկային միջոցներ ներգրավել։
«LME-ի համար, ամենայն հավանականությամբ, կգերավճարեն։ Հնարավոր կլանումը հազիվ թե համախառն ինչ-որ արդյունք ստեղծի կամ էլ կարճաժամկետ հեռանկարում շահույթ ապահովի»,– ասված է Kim Eng-ի վերլուծական հաշվետվությունում։ 2008-2010 թթ. LME-ի զուտ շահույթը կազմել է HKEx-ի զուտ շահույթի 2-4%-ը։

Civilnet










