2012թ. մարտին ուղևորային և բեռնատար փոխադրումների ծավալները նախորդ տարվա մարտի համեմատ համապատասխանաբար ավելացել են 7,6%-ով և 0,3%-ով, հաղորդում է IATA-ն։
Անցած ամիս ավիափոխադրումների ծավալների վրա ազդել են 2011թ. փետրվարից ծայր առած մերձավորարևելյան հուզումները, ինչպես նաև 2011թ. մարտի Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամիները։ IATA-ի հաշվարկների համաձայն՝ 2012թ. մարտին հաշվետու ցուցանիշը տարեկան կտրվածքով 2 տոկոսային կետով բարձր կլիներ, եթե չլինեին այս իրադարձությունները։
Նշենք, որ բեռնատար փոխադրումների պահանջարկի աճին նպաստել է չինական Նոր տարին։
IATA-ի տվյալների համաձայն՝ 2012թ. մարտին միջազգային ավիափոխադրումները տարեկան կտրվածքով աճել են 9,6%-ով։ Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել են եվրոպական ավիաուղիները՝ չնայած տարածաշրջանի ռեցեսիային։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս ցուցանիշն աճել է 8,1%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 5,3%-ով, Մերձավոր Արևելքում՝ 20,9%-ով, Լատինական Ամերիկայում՝ 7,7%-ով, Աֆրիկայում՝ 14,3%-ով։
Civilnet











