Ճապոնիայի սուվերեն վարկանիշը, հնարավոր է, իջեցվի, եթե երկրի կառավարությունը հարկային բարեփոխումներ չկատարի և չզսպի պետպարտքի աճը։ Այսպիսի հայտարարություն է արել Standard & Poor's (S&P) միջազգային վարկանշային գործակալության Ասիա-խաղաղօվկիանոսյան ստորաբաժանման սուվերեն վարկանիշների բաժնի ղեկավար Կիմ Ենգ Տենը։
Ներկայում Ճապոնիան արդյունաբերապես զարգացած երկրների շարքում պետպարտքի ամենաբարձր մակարդակն ունի։ Աճող պետպարտքի պայմաններում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետ Յոսիհիկո Նոդայի գլխավորությամբ, փորձում է բարձրացնել հարկերը և ամրապնդել պետական ֆինանսական համակարգը։ Մասնավորապես՝ Նոդան մտադիր է կյանքի կոչել վաճառքների 5% տոկոսադրույքը կրկնապատկելու ծրագիրը։ Սակայն ընդդիմությունը, որը վերահսկում է խորհրդարանի վերին պալատը, հրաժարվում է զիջումների գնալ։
«Եթե Ճապոնիայում քաղաքական իրավիճակը չկարգավորվի, և պետպարտքը շարունակի աճել, մենք հարկադրված կլինենք իջեցնել երկրի վարկանիշը»,- նշում են գործակալությունում։ Այն դեպքում, եթե Ճապոնիայի իշխանություններին չհաջողվի հարկային բարեփոխումներ կատարել, տնտեսական զարգացման սցենարը երկրի համար բարդ կլինի կյանքի կոչել, քանի որ հարկերի բարձրացումը կարող է բացասաբար ազդել սպառողական ծախսերի վրա, համոզված են փորձագետները։
Այս պահին S&P-ն Ճապոնիայի վարկային երկարաժամկետ վարկանիշը գնահատում է АА- մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ։
Նշենք, որ նախօրեին Moody's միջազգային վարկանշային գործակալությունը ևս Ճապոնիայի կառավարությանը նախազգուշացրել էր վարկանիշի հնարավոր իջեցման մասին, եթե պետպարտքի կայուն աճը չզսպվի հարկային բարեփոխումների ճիշտ ժամանակին անցկացմամբ։ Moody's-ը Ճապոնիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը գնահատում է Aa3 մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։
Civilnet











