Եվրահանձնաժողովի ղեկավարությունը փորձում է խթանել եվրոգոտու տնտեսությունը, որը ռեցեսիայում է հայտնվել պետական ծախսերի կրճատման և խնայողության խիստ միջոցառումների պատճառով, գրում է բրիտանական Financial Times-ը։
Մի շարք դեպքերում առաջարկվում է մեծացնել պետական ծախսերի ծավալը և մեղմացնել խնայողության քաղաքականությունն առավել խնդրահարույց երկրների, այդ թվում՝ Իսպանիայի նկատմամբ։ Այս ամենը տեղի է ունենում այսօր Ֆրանսիայում և Հունաստանում ընթացող ընտրությունների ֆոնին, որոնց ընտրողները, ըստ ամենայնի, պատրաստ չեն քվեարկել քաղաքական այն գործիչների օգտին, որոնք գոհ չեն ֆինանսական խնայողության քաղաքականությունից։
Սակայն եվրոգոտու փրկության նոր ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի Գերմանիայի առարկությանը։ Համանման գաղափարները, որ առաջարկել էր Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը, Բեռլինի կողմից չեն արժանացել բուռն ընդունելության։
Ակնկալվում է, որ տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենն այսօր հանդես կգա ենթակառուցվածքային խոշոր նախագծերի ֆինանսավորման օգտին, գրում է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով եվրահանձնակատարի զեկույցը, որ գտնվում է թերթի տրամադրության տակ։ Ռենն իր առաջարկը հիմնավորում է նրանով, որ մասնավոր հատվածի կողմից աշխատուժի պահանջարկը մեծ չէ՝ նոր աշխատատեղերի ստեղծման համար։ Գործազրկության մակարդակը եվրոպական երկրներում այժմ հասել է աննախադեպ բարձր ցուցանիշի։
«Աճի և կայունության պակտը հիմարություն չէ։ Այո, Եվրամիության խնայողության քաղաքականությունը ենթարկվում է որոշակի կանոնների։ Միաժամանակ՝ պակտը թույլ է տալիս որոշակի ազատություն, երբ գործը հասնում է այս կանոնների կիրառմանը»,- ասված է Ռենի զեկույցում։
Հատկանշական է, որ Ռենի կողմից ներդրումային փաստաթղթի հնչեցվելիք դրույթների մեծ մասն արդեն հնչել են նախկինում։ Սակայն ծրագիրը հանրության դատին ներկայացնելը Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ֆոնին վկայում է այն մասին, թե որքան մեծ է այս ընտրությունների ելքի ազդեցությունը եվրոգոտու փրկության ուղիների շուրջ ծավալվող վեճի վրա։
Civilnet











