Գլխավոր Լրահոս

Մինորիտար խաբեություն

Մինորիտար խաբեություն

Բջջային տեխնիկա արտադրող ֆիննական Nokia-ի մինորիտար բաժնետեր Ռոբերտ Շմելինսկին հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ ընկերության ղեկավարությանը մեղադրելով ներդրողներին խաբելու մեջ։ Nokia-ն հայտարարել է, որ իրեն արդեն տեղեկացրել են հայցի մասին, և այն որակել է «անհիմն»։

Շմելինսկին վստահեցնում է, որ հավատալով ընկերության ղեկավարության՝ Windows Mobile օպերացիոն համակարգով աշխատող նոր սմարթֆոնների վաճառքների բարձր ցուցանիշների մասին խոստումներին՝ ինքը վնասներ է կրել։ Nokia-ի «նեղացած» բաժնետերն ընկերության մյուս ներդրողներին ևս առաջարկել է միանալ իր հայցին, իսկ դատարանին՝ հստակեցնել փոխհատուցման չափը, որը պետք է վճարի ընկերությունը։

Նշենք, որ Շմելինսկիի հայցը վերաբերում է 2011թ. հոկտեմբերից 2012թ. ապրիլ ընկած ժամանակահատվածին։

Հիշեցնենք՝ 2011թ. հոկտեմբերին Nokia-ն ներկայացրեց Windows Mobile օպերացիոն համակարգով գործող իր սմարթֆոնների առաջին մոդելները։ 2012թ. ապրիլին այս սմարթֆոնների վատ վաճառքների պատճառով Nokia-ի եռամսյակային վնասները կազմեցին $1,2  մլրդ։ Ընկերության բաժնետոմսերը 2011թ. հոկտեմբերից 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում արժեզրկվեցին 44%-ով։

Հայցվորի խոսքով՝ Nokia-ն վստահեցրել է ներդրողներին, որ նոր սմարթֆոնները կբարելավեն ընկերության դիրքերը շուկայում, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Շմելինսկին այս ամենից ենթադրել է, որ Nokia-ի ղեկավարությունը դիտավորյալ մոլորության մեջ է գցել բաժնետերերին։ Որպես ապացույց՝ նա մեջբերել է Nokia-ի ղեկավարության հայտարարությունը Nokia-ն շուկայի առաջատար դարձնելու մտադրության մասին։ Շմելինսկիի խոսքով՝ Nokia-ի նոր՝ Lumia 900 սմարթֆոնի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ մենեջմենթը չի կատարել իր խոստումները։

Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին Nokia-ն խոստովանեց, որ նոր սմարթֆոնները ծրագրային խնդիրներ ունեն, ու արտադրանքից դժգոհ բոլոր գնորդներին առաջարկեց $100-ի փոխհատուցում։

Հատկանշական է, որ ապրիլի վերջին միջազգային վարկանշային S&P գործակալությունը Nokia-ի վարկանիշը BBB-ից իջեցրել է մինչև BB+ (համարվում է սպեկուլյատիվ մակարդակ)՝ շնորհելով «բացասական» կանխատեսում։ Սա նշանակում է, որ S&P-ն չի բացառում ընկերության վարկանիշի հետագա իջեցումը։ Սակայն Nokia-ի վարկանիշը վերանայվեց, երբ պարզ դարձավ, որ ընկերությունը բջջային հեռախոսների արտադրության համաշխարհային առաջատարի իր 14-ամյա տիտղոսը զիջել է հարավկորեական Samsung-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում