Գլխավոր Լրահոս

Իսպանական փրկօղակ

Իսպանական փրկօղակ


Իսպանիայի կառավարությունը երկրի բանկային համակարգի վերականգնման ծրագրի վերջին մանրամասներն է հստակեցնում։ Փաթեթի վերջնական տարբերակի հրապարակումը նախանշված է այս շաբաթ՝ մայիսի 11-ին։

Երեկ Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ փաստաթղթերի փաթեթն առաջին հերթին ուղղված է լինելու ֆինանսական թույլ կազմակերպությունների վերականգնմանը։ Վերջիններիս համար նախատեսվում է նաև առանձին ծրագրերի առկայություն, որոնք, մասնավորապես, կներառեն բանկերի հաշվեկշիռներից «թունավոր» ակտիվների դուրսգրում և այլ միջոցառումներ։

Իսպանիայի իշխանություններն արդեն հարկադրել են բանկերին սեփական շահույթի զգալի մասն առանձնացնել հնարավոր ցնցումների դեպքում վնասների փոխհատուցմանը։ Եվրոպական այս երկրի կառավարությունը հենց թունավոր ակտիվների սեգրեգացիան է դիտարկում որպես բանկային համակարգի փրկօղակ և միջազգային շուկաների վստահությունը վերադարձնելու միակ միջոց։

Իսպանիայի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության օրակարգում նաև առանձին ընկերությունների փրկության ծրագրերի մշակումն է։ Խոսքը, մասնավորապես, Bankia SA բանկի մասին է, որը Banco Financiero y de Ahorros SA ֆինանսական խմբի դուստր ընկերությունն է։ Banco Financiero-ն իսպանական տնտեսության ամենաթույլ օղակներից է, ֆինանսական այս կազմակերպության բիզնեսն անկում ապրեց անշարժ գույքի ոլորտում €2,75 մլրդ-ի ակտիվների հարկադիր դուրսգրման արդյունքում։ Նշենք, որ Իսպանիայի բանկերը շինարարության ոլորտում €338 մլրդ-ի ակտիվներ ունեն, որոնցից €176 մլրդ-ը երկրի ԿԲ-ն խնդրահարույց է համարում։

Իսպանիան, թեև, մշտապես համարվել է Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի «բախտակից եղբայրը», սակայն մինչ օրս չի դիմել ֆինանսական աջակցության՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա և բավարարվելով Եվրոպական կենտրոնական բանկի օգնությամբ։

Սակայն վերջերս ավելի ու ավելի հաճախ են հնչում արտաքին ֆինանսական աջակցության անխուսափելիության մասին կարծիքները։

Անցած շաբաթվա վերջին Իսպանիայի ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 3-ամյա և 5-ամյա մարման ժամկետով պարտատոմսեր՝ շուկայից ներգրավելով €2,5 մլրդ։ Ընդ որում՝ դրանց եկամտաբերությունը նախորդ տեղաբաշխումների համեմատ զգալիորեն աճել է։ Իսպանիայի կառավարության կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում երկրի պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 78%-ը։

Նշենք, որ 2012թ. 1-ին եռամսյակում Իսպանիայի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0,3%-ով, տարեկան կտրվածքով՝ 0,4%-ով։ 2011թ. 4-րդ եռամսյակում երկրի տնտեսությունը կրճատվել է 0,3%-ով։ Երկու եռամսյակ շարունակ ՀՆԱ-ի անկումը վկայում է այն մասին, որ երկիրը հայտնվել է տեխնիկական ռեցեսիայի փուլում։ Կառավարության կանխատեսմամբ՝ ընթացիկ տարվա արդյունքներով Իսպանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 1,7%-ով, իսկ 2013թ. 0,3%-ի աճ կարձանագրի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում