Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրությունն անմիջական ազդեցություն չի ունենա երկրի սուվերեն վարկային վարկանիշների կամ դրանց կանխատեսումների վրա, այսօր հայտարարել է Standard & Poor's (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը։
Ներկայում S&P-ն Ֆրանսիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը գնահատում է AA+ մակարդակում (կանխատեսումը՝ «բացասական»), կարճաժամկետը՝ A-1+։ Հետաքրքրական է, որ գործակալությունը Ֆրանսիային վարկանշում է կամավորության սկզբունքով, այսինքն՝ պարտքային պարտավորությունների թողարկողը չի վճարում երկրի վարկանշման դիմաց։
S&P-ն նշում է, որ կվերլուծի Ֆրանսիայի նոր նախագահի և կառավարության քաղաքական ուղեգիծը՝ նկատի առնելով նաև 2012թ․.հունիսի խորհրդարանական ընտրությունների ելքը։
2012թ․ սկզբին S&P-ն Ֆրանսիային զրկել էր վարկային բարձրագույն՝ AAA վարկանիշից՝ իջեցնելով այն մեկ աստիճանով։ «Բացասական» կանխատեսումը նշանակում է, որ հնարավոր է՝ ընթացիկ տարում կամ 2013թ. գործակալությունը կրկին իջեցնի Ֆրանսիայի երկարաժամկետ վարկանիշը։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը՝ ստանալով ընտրողների քվեների 51,62%-ը, իսկ Նիկոլա Սարկոզին՝ 48,38%-ը։ Նշենք, որ Օլանդը Ֆրանսիայի Հինգերերոդ հանրապետության պատմության մեջ սոցիալիստ երկրորդ նախագահն է Ֆրանսուա Միտերանից հետո։
Civilnet











