Եվրոպայում պետական ծախսերի էական կրճատում և բնակչության հարկային բեռի ծանրացում նախատեսող կոշտ խնայողության միջոցառումների ժամանակն անցել է, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում։
«Եվրոպական պետություններում թևածող ընտրությունների ալիքը վկայեց, որ Հին աշխարհը է՛լ չի ցանկանում ապրել տնտեսական նման ուղեգծով»,– հայտարարել է Լագարդը՝ արձագանքելով Հունաստանի խորհրդարանական, Ֆրանսիայի նախագահական, ինչպես նաև Գերմանիայի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին։
Եվրոպայում կոշտ խնայողության միջոցառումների փոխարեն Լագարդն առաջարկում է անցնել պետական բյուջեի դեֆիցիտի փուլային կրճատման։ «Ի՞նչն է ավելի կարևոր՝ խնայողությունը, թե աճը։ Այսօր հենց այս հարցն է ծնում բանավեճերի ամենամեծ ալիքը։ Ես հակված եմ կարծելու, որ պետք չէ միայն մեկին ձգտել։ Այնպես որ՝ մենք կարող ենք նոր ռազմավարություն մշակել, որը օգտակար կլինի և՛ այսօր, և՛ վաղը»,– հայտարարել է Լագարդը։
Լագարդն ակնարկել է նաև, որ հարկաբյուջետային կրճատումները, այդուհանդերձ, անհրաժեշտ են եվրոգոտու կառավարությունների համար։ Սակայն հաշվի առնելով եվրոպացիների տրամադրությունները՝ իշխանությունները պետք է փոխեն թեքման անկյունը։ Ըստ ԱՄՀ ղեկավարի՝ կարճ ժամկետում ճգնաժամից ելք փնտրելու և բյուջեի դեֆիցիտը կրճատելու փոխարեն պետք է անցում կատարել միջնաժամկետ խնայողության ծրագրի։ «Մենք բոլորս հրաշալիորեն հասկանում ենք, որ հարկաբյուջետային վերահսկողությունը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա»,– ընդգծել է Լագարդը՝ առաջարկելով հավասարակշռել աճի և խնայողության միջև։
Մյուս կողմից՝ Լագարդը չի մեկնաբանել եվրոգոտու ֆինանսական կայունության պակտը, որն արժութային միության անդամների համար ազգային բյուջեները հավասարակշռելու նոր և բարդ պահանջներ է սահմանում։ Գերմանիան, որն այս փաստաթղթի գլխավոր նախաձեռնողն է, կտրականապես դեմ է պակտի վերանայմանը։
Հատկանշական է, որ եվրոպական երկրներից շատերը վերջին շրջանում սկսել են թուլացնել բյուջետային խնայողության խիստ պահանջները։ Մայիսի 7-ին աճի խթանման կոչ է արել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, որի կառավարությունն արդեն իջեցրել է ընթացիկ տարվա համար ՀՆԱ-ի աճի նպատակային կանխատեսումը։ Նույն ճանապարհն է ընտրել նաև Իսպանիայի կառավարությունը։
Նշենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ընտրողներին խոստացել է ազգային տնտեսությունը վերադարձնել կայուն աճի և վերջ տալ կոշտ խնայողության միջոցառումներին։ Կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը և կոալիցիոն նրանց գործընկերները պարտություն են կրել Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային հողում անցկացված տեղական ընտրություններում։ Տեղական հաջորդ ընտրությունները Գերմանիայում մայիսի 13-ին են՝ Հյուսիսային Ռեյնե-Վեստֆալիայում։ Այստեղ ևս Մերկելի կուսակցության հաղթանակի շանսերը մեծ չեն։

Civilnet










