EFSF-ն, հաղթահարելով եվրոգոտու որոշ երկրների դիմակայությունը, հաստատել է Աթենքին ֆինանսական օգնության տրամադրումը, հաղորդել է բլոկի ներկայացուցիչներից մեկը։ «Նրանք կստանան գումարները»,- ասել է նա հեռախոսային խորհրդակցությունից հետո, որի ընթացքում քննարկվել է Հունաստանին անհրաժեշտ միջոցների տրամադրման հարցը։
Եվրոգոտու որոշ երկրներ սկսել էին ընդդիմանալ այս վճարմանը այն բանից հետո, երբ Հունաստանի մի շարք կուսակցություններ, որ հաջող արդյունքներ էին արձանագրել կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, մերժել էին Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական օգնության պայմանները։ Եվրոպական կենտրոնական բանկում Գերմանիայի ներկայացուցիչ Յորգ Ասմուսենը հայտարարել է, որ Հունաստանն իրավունք չունի պահանջներ ներկայացնել և միաժամանակ հույս ունենալ մնալ եվրոգոտում։
Եթե Հունաստանը չստանա այս գումարները, ապա նրան լրջագույն ֆինանսական խնդիրներ են սպասվում, քանի որ երկիրը միջոցներ չունի աշխատավարձեր վճարելու և €435 մլն-ի պարտքը մարելու համար։
Civilnet











