Մարման մոտեցող ժամկետներով պարտքային պարտավորությունների զգալի ծավալները և առաջիկա հինգ տարում $43-46 տրլն-ի ֆինանսավորման նոր անհրաժեշտությունը համաշխարհային վարկային շուկաներում «իդեալական փոթորկի» առաջացման վտանգ են ստեղծում, ասված է S&P-ի հաղորդագրությունում։ Համանման ռիսկի առաջացման լրացուցիչ գործոնների թվում գործակալությունը նշում է աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրը՝ պայմանավորված ֆինանսական շուկաների անկայունությամբ։
«Մարման մոտեցող ժամկետներ ունեցող վարկերի և մինչև ճգնաժամը թողարկված պարտատոմսերի վերաֆինսնավորման համար եվրոգոտու, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի ընկերություններին և մնացած փոխառուներին անհրաժեշտ է $30 տրլն (եվրոպական ընկերությունների պարտքը կազմում է այս գումարի մոտ 30%-ը)՝ գումարած աճի ֆինանսավորման համար անհրաժեշտ $13-16 տրլն-ը»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։ S&P-ի հաշվարկների համաձայն՝ ոչ ֆինանսական կորպորատիվ փոխառուները կհաղթահարեն սպասվող վերաֆինանսավորումը, թեև վարկավորման պայմանների վատթարացումը կարող է սահմանափակել բանկային նոր ֆինանսավորումը՝ աճի ապահովման նպատակով։
Կառավարություններն ու կենտրոնական բանկերը, S&P-ի փորձագետների կարծիքով, հարկաբյուջետային և դրամավարկային շատ ավելի քիչ ճկունություն ունեն, քան այն, որը հնարավորություն կտար նրանց շուկայում տուրբուլենտության առաջացման դեպքում կանխել լրջագույն խնդիրները։ ««Իդեալական փոթորկի» սցենարի հնարավոր զարգացումը կարող է ֆինանսավորման ընդհատումների հանգեցնել անգամ պարտքի համեմատաբար ոչ բարձր մակարդակ ունեցող փոխառուների համար»,- վստահ են գործակալության փորձագետները։
«Իդեալական տնտեսական փոթորիկ» եզրի հեղինակը ԱՄՆ-ի տնտեսական խորհրդական, հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նուրիել Ռուբինին է։ Հիշեցնենք, որ նա բոլորից շուտ էր կանխատեսել 2008թ. ճգնաժամը։ «Իդեալական փոթորիկ» ասելով՝ Ռուբինին նկատի ուներ նոր ճգնաժամերի համար լրացուցիչ օջախների առաջացումը և մի շարք պայմանների առկայությունը, որոնք ապահովում են այս ճգնաժամերի հաղթահարումը մեկ ժամանակահատվածում։
2012թ. հունվարին դանիական Saxo Bank-ի փորձագետները հայտարարեցին, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակը կարելի է բնութագրել որպես «իդեալական փոթորիկ»։ Նրանց կարծիքով՝ եվրոգոտու, տնտեսության պետական հատվածի կողմից ճնշումը և սոցիալական աճող լարվածությունը կմիանան և այնպիսի փոթորիկ կստեղծեն, որը կվնասի բոլոր երկրներին։ Փորձագետների կարծիքով՝ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ընթացիկ տարին կարող է վճռական լինել։
Civilnet











