Ֆոնդային շուկայում JPMorgan Chase-ի ներդրումային գործունեության հետևանքով բանկը $2 մլրդ-ի վնաս է կրել։ Reuters-ի հաղորդմամբ՝ խոշոր վնասներն անպատճառ կհանգեցնեն ընկերության ղեկավարության կադրային փոփոխությունների։ Այս շաբաթվա ընթացքում առնվազն երեք թոփ մենեջեր կլքի իր պաշտոնը։
Ակնկալվում է, որ պաշտոնաթողության մասին առաջինը կհայտարարի ընկերության առաջատար ստորաբաժանումներից մեկի՝ Chief Investment Office-ի ղեկավար Ինա Դրյուն, որի հետ կհեռանան նաև նրա երկու տեղակալները՝ Աքիլես Մաքրիսը և Խավիեր Մարտին-Արտայոն։
Գերմանական Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ անցած շաբաթ JPMorgan-ի նախագահ Ջեյմի Դայմոնը հայտարարել էր, որ ֆոնդային շուկայում բանկի ներդրումային գործունեության հետևանքով բանկը վերջին վեց շաբաթում կորցրել է $2 մլրդ։
«Թույլ են տրվել բացառիկ սխալներ և կատարվել գործողություններ, որոնք բնորոշ չեն մեր ֆինանսական ինստիտուտին»,- նշել է Դայմոնը՝ հավելելով, որ մասնագետները պատշաճ կերպով չեն արձագանքել հնարավոր խոշոր վնասների մասին ահազանգերին և սխալներ թույլ տվել ռիսկերի հեջավորման ռազմավարության մշակման ընթացքում։
Civilnet











