«Ընթացիկ տարվա հունիսին արդեն Հունաստանի կառավարությունը կարող է պարտքային պարտավորությունների վճարման ժամանակ ֆինանսական միջոցների անբավարարության առերեսվել»,- իր հրաժեշտի ելույթում հայտարարել է Պապադիմոսը։
Պաշտոնյայի խոսքով՝ քաղաքական բանավեճերը խնդրահարույց երկրում խոչընդոտում են կառավարության աշխատանքների արդյունավետությանը և կարող են հանգեցնել նրան, որ Հունաստանը վարկատուներից չստանա նոր տրանշը՝ հին պարտքերը վճարելու համար։ Երկրի նախագահ Կառոլոս Պապուլյասին ուղղված նամակում նա վստահեցնում է, որ հաջորդ ամիս Հունաստանին լրջագույն փոփոխություններ են սպասվում։ «Խնդիրները, որ դեռ մինչ ընտրություններն էին սպասվում, այժմ էլ չի կարելի բացառել»,- նշել է Պապադիմոսը։
Հատկանշական է, որ օրեցօր ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ են բացահայտորեն քննարկում Հունաստանի՝ եվրոգոտին լքելու հնարավոր սցենարը։ Այս խնդիրը ներկայում գտնվում են եվրոպացի քաղաքական բոլոր գործիչների քննարկումների օրակարգում։ Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն առաջին անգամ չի բացառել Հունաստանի՝ արժութային միությունը լքելու սցենարը։ «Եվրոգոտին ակումբ է, որի անդամներն ապրում են օրենքներին համապատասխան, և եթե օրենքներին չեն հետևում, ապա հարկադրված են լքել ակումբը»,- հայտարարել է Բառոզուն։
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոգոտին ի վիճակի է հաթահարել Հունաստանի՝ արժութային միությունը լքելու հետևանքները։
Նշենք, որ այսօր Բրյուսելում նախատեսված է եվրոգոտու ֆինանսների նախարարաների՝ Եվրախմբի հանդիպումը, որի ընթացքում ակնկալվում է Աթենքի վերաբերյալ խիստ որոշման ընդունում․ այն է՝ Հունաստանը չի կարող €1 տրլն ֆինաջակցության հույս ունենալ, քանի դեռ չի ձևավորել կառավարություն։
Հատկանշական է, որ Հունաստանին այդպես էլ չի հաջողվում կառավարություն ձևավորել։ Երկիրը քաղաքական ճգնաժամի շեմին է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ուլտրաձախ ՍԻՐԻԶԱ բլոկի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն այսօր չի մասնակցելու կոլացիոն կառավարության ձևավորման բանակցություններին։
Ցիպրասի՝ բանակցությունների մասնակցությունից հրաժարման հետևանքով երկրում, հնարավոր է, կրկին ընտրություններ անցկացվեն, որոնց ընթացքում, ըստ հարցումների, հնարավոր է՝ հաղթի կուսակցությունը, որը դեմ է Եվրամիությունից ֆինանսական օգնության ստացմանը։
Նշենք, որ այսօր կոալիցիոն կառավարության ձևավորման աշխատանքներին Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլյասը հրավիրել է չորս կուսակցությունների առաջնորդներին։
Civilnet











