Bloomberg-ը, վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները, հաղորդում է, որ մայիսի 15-ին՝ բորսաների փակումից հետո, Facebook սոցցանցը կդադարեցնի IPO-ի հայտերի ընդունումը։
Գործակալության տվյալների համաձայն՝ սոցցանցը ծրագրում էր հայտերի ընդունումն ավարտել մայիսի 17-ին։ Bloomberg-ը սակայն չի հստակեցնում դրանց ընդունման դադարեցման պատճառը։
Մայիսի 11-ին Reuters-ը հաղորդել էր, որ Facebook-ի բաժնետոմսերի պահանջարկը կարող է գերազանցել առաջարկը։ Սոցցանցը տեղաբաշխվող մեկ բաժնետոմսի արժեքը սահմանել է $28-35-ի միջակայքում, ինչը ընկերության գնահատականը բարձրացրել է մինչև $77-96 մլրդ։ Արդյունքում՝ IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման) ընթացքում ընկերությունը կարող է տեղաբաշխել $10,6-13,6 մլրդ-ի բաժնետոմս։ Սակայն հենց Facebook-ը կստանա միայն կեսը՝ մոտ $5,6 մլրդ։ Մնացած մասը՝ $4,9 մլրդ-ը, կտնօրինեն բաժնետերերը։
Վաճառքի է հանվել սոցցանցի 337,4 մլն բաժնետոմս, այն է՝ ընկերության 12,3%-ը։
Ակնկալվում է, որ Facebook-ի IPO-ն կդառնա Սիլիկոնային հովտի խոշորագույն տեղաբաշխումը՝ գերազանցելով անգամ Google-ի համապատասխան ցուցանիշը։
Սոցցանցի IPO-ն կմեկնարկի մայիսի 18-ին։
Ի դեպ՝ այսօր սոցցանցում ներդրումներ կատարելու իր մտադրության մասին է հայտնել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը: «Ես ներդրումներ կանեմ Facebook-ում, և ինձ չի հուզում, թե որքան կլինի բաժնետոմսերի գինը»,-հայտարարել է նա։
Civilnet











