2012թ. 1-ին եռամսյակում եվրոգոտու 17 երկրների ՀՆԱ-ն նախորդ ամիսների համեմատ մնացել է անփոփոխ։ 2011թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ ևս ցուցանիշը չի փոխվել։ Այս մասին են վկայում Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի հրապարակած նախնական տվյալները։
Bloomberg-ը հաղորդում է, որ փորձագետներն ակնկալում էին եվրոգոտու ՀՆԱ-ի 0,2-տոկոսանոց անկում։ Տարածաշրջանը զրոյական դինամիկա է արձանագրել Գերմանիայից ստացված վիճակագրական դրական տվյալների շնորհիվ։ Այս երկրի ՀՆԱ-ն աճել է 0,5%-ով, ինչը մի փոքր գերազանցել է փորձագետների կանխատեսումները։ Ցուցանիշի աճն ակնկալվում էր 0,1%-ի մակարդակում։
Ռեցեսիա է արձանագրվել եվրոգոտու 17 երկրից ութում։ Այսպես, Ֆրանիսիայի ՀՆԱ-ն 1-ին եռամսյակում մնացել է անփոփոխ։ Փարիզը, փաստորեն, դանդաղեցրել է աճի տեմպերը, քանի որ 2011թ. վերջին եռամսյակում ցուցանիշը բարելավել է 0,1%-ով։ Հունաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 6,2%-ով։
Եվրոպայի մեծությամբ երրորդ տնտեսությունում՝ Իտալիայում, 2012թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել է 0,8%-ով։ Նիդեռլանդների տնտեսությունը (եվրոգոտու մեծությամբ հինգերորդ տնտեսությունը) կրճատվել է 0,2%-ով։ Այս երկու երկրների ցուցանիշները նվազում են արդեն երկու եռամսյակ շարունակ։ ՀՆԱ-ի կրճատում է արձանագրվել նաև Չեխիայում, Ռումինիայում, Սլովակիայում և Իսպանիայում։
2011թ. 4-րդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել էր 0,3%-ով։ Միաժամանակ՝ 2010թ. վերջին եռամսյակի համեմատ այն աճել է 0,7%-ով։ Անցած տարի, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի տնտեսությունն աճել է 1,4%-ով։
Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ տարեկան կտրվածքով տարածաշրջանի տնտեսությունը կրճատվել է 0,3%-ով, սակայն արդեն 2013թ. այն կաճի 1%-ով։ Եվրոգոտում ՀՆԱ-ի վերջին անկումը դիտարկվել է 2009թ.։ Այդ ժամանակ ցուցանիշի անկումը կազմել էր 4,3% ։
Civilnet











