Pernod Ricard-ի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը որոշել է դադարեցնել Havana Club բրենդի համար մղվող 17-ամյա պայքարն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գերագույն դատարանը հրաժարվել է վերանայել Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանի որոշումը։ Վերջինի համաձայն՝ Pernod Ricard-ին արգելվել էր ԱՄՆ-ի տարածքում զբաղվել Havana Club-ի տարածմամբ։ Դատարանն իր որոշումը պայմանավորել էր ԱՄՆ-ում գործող այն օրենքի դրույթներով, որն արգելում է Ֆիդել Կաստրոյի ռեժիմի օրոք ազգայնացված բրենդների գրանցումը։
Pernod Ricard-ը մտադիր է ստեղծել նոր բրենդ՝ Havanista, որը կարտադրվի նույն գործարաններում, որոնցում մինչ այժմ շշլացվել է Havana Club-ը։ Այդպիսով ընկերությունը կկարողանա նախապատրաստվել ամերիկյան շուկայի գրավմանը, եթե ԱՄՆ-ի իշխանությունները վերացնեն կուբայական ապրանքների ներկրման արգելքը։
Նշենք, որ Havana Club-ի արտադրությունը Կուբայում ազգայնացվել է 1959թ. հեղափոխությունից հետո, և 1930-ականներին Առեչաբալա ընտանիքի ստեղծած բրենդը հայտարարվել է կառավարության սեփականություն։ Ապրանքանիշի նախկին սեփականատերերը հետագայում արտագաղթել են երկրից և բրենդի իրավունքը վաճառել Bacardi ընկերությանը, որը մինչ այսօր Կոստա Ռիկայում զբաղվում է Havana Club ռոմի արտադրությամբ և վաճառում այն ԱՄՆ-ի տարածքում։
Աշխարհի մյուս երկրներում Havana Club-ի վաճառքով զբաղվում է Pernod Ricard-ը, որը 1993-ից այն արտադրում է կուբայական Cubaexport ընկերության հետ համատեղ։ 2011թ. ֆրանսիական ընկերությունը աշխարհի 120 երկրում վաճառել է 3,8 մլն արկղ Havana Club։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը աշխարհում ռոմի ամենախոշոր սպառողներից է։ Միացյալ Նահանգներում ոգելից այս խմիչքի վաճառքները տարեկան կազմում են 40 մլն արկղ։
Civilnet











