Տնտեսական աճը կշարունակի մնալ դանդաղ և խոցելի` եվրոգոտու ճգնաժամի ֆոնին, ասված է Անգլիայի բանկի` այսօր հրապարակած կանխատեսման մեջ: Վերջինիս համաձայն` ակնկալվում է, որ գնաճի տեմպերն ավելի ուշ կդանդաղեն, քան երեք ամիս առաջ էր կանխատեսվում:
Հատկանշական է, որ այս կանխատեսումը հաջորդել է Կենտրոնական բանկի այն հայտարարությանը, ըստ որի տպագրահաստոցը պետք է կանգնեցվեր: Հիշեցնենք, որ Անգլիայի բանկի Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը (Monetary Policy Committee) ընթացիկ ամսվա սկզբին դեմ էր քվեարկել քանակական մեղմացման քաղաքականության միջոցով պարտատոմսերի հետագա գնմանը:
Անգլիայի բանկն իր զեկույցում նշում է, որ եվրոգոտուց ստացվող լուրերը բացասաբար են ազդում բրիտանական տնտեսության վրա:
«Մեծ Բրիտանիայում աճի հեռանկարները շարունակում են մնալ անորոշ: Վերականգնման միակ խոշոր սպառնալիքը բխում է եվրոգոտու խնդիրներից»,- ասված է Անգլիայի ԿԲ-ի զեկույցում:
Երկամյա հեռանկարում գնաճը, կարգավորչի կանխատեսմամբ, կկազմի մոտ 1,6%` փետրվարին կանխատեսված 1,8%-ի փոխարեն: Այս փուլում տարեկան աճը կվերականգնվի մինչև 2,7%, ինչը 0,3 տոկոսային կետով զիջում է նախորդ կանխատեսումներին:
Գնաճի բարձր մակարդակից բացի` աճին կխոչընդոտի վարկավորման անբավարարությունն ու պետական ծախսերի կրճատումը, նշում է բանկը:
Civilnet











