Աշխարհի 29 խոշորագույն բանկերին անհրաժեշտ է ներգրավել $566 մլրդ լրացուցիչ կապիտալ կամ ակտիվները կրճատել $5,5 տրլն-ով՝ մինչև 2018թ. իրականացնելու համար կապիտալի բավարարության նորմերի խստացման պահանջները, ասված է Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության զեկույցում։
Այսպիսով՝ Fitch-ն առաջին փորձն է անում՝ գնահատելու բանկային բարեփոխումների՝ Բազել-3-ի հետևանքները։ Նշենք, որ բարեփոխումները լրացուցիչ պահանջներ են նախատեսում գլոբալ համակարգաստեղծ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ։
Այս ինստիտուտների ցուցակը, որը կազմում և հրապարակում է Ֆինանսական կայունության միջազգային հանձնաժողովը, ներառում է միջազգային 29 խոշոր բանկ։ Դրանց թվում են Bank of America-ն, Citigroup-ը, JPMorgan Chase-ը, Barclays-ը, HSBC-ն, BNP Paribas-ը, Societe Generale-ը, ING-ն, Deutsche Bank-ը, Credit Suisse-ը, Mitsubishi UFJ-ն, Bank of China-ն և այլն։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված է եվրոպական 17, ամերիկյան 8 և ասիական 4 բանկ։ Ցուցակը տարեկան վերանայման է ենթարկվում և հրապարակվում նոյեմբերին։ Հիշեցնենք, որ համակարգաստեղծ բանկերի նկատմամբ հավելյալ պահանջները նախատեսում են մինչև 2018թ․ առաջին մակարդակի կապիտալի բավարարությունն ակտիվների 7%-ից ավելացնել մինչև 8-9,5%։
Այս պահանջները ենթադրում են, որ բանկերը կմեծացնեն կապիտալը 23%-ով՝ 2011-ի տարեվերջի ցուցանիշների նկատմամբ, հաշվել են Fitch-ի փորձագետները։ Մյուս կողմից՝ լրացուցիչ կապիտալի ծավալը համարժեք է բանկերի 3 տարվա շահույթներին։
Բանկերն այս պահանջները կարող են կատարել երեք ճանապարհով՝ ստացված շահույթը ներդնելով կապիտալում, բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումներ կատարելով և ակտիվներ վաճառելով, ափոփում են Fitch-ի փորձագետները։
Civilnet











